Հայաստանում նախատեսվում է ներդնել կանանց կամավոր հիմունքներով զինվորական ծառայության համակարգ: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց օրենքների նախագծերի փաթեթը։ Հիմնական զեկուցող՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացմամբ՝ կանանց համար զինվորական ծառայության ժամկետը սահմանվելու է 6 ամիս, դիմել կարող են 18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիները։
Սուրեն Պապիկյան (ՀՀ պաշտպանության նախարար) - Սահմանվում են դիմում ներկայացնելու ժամկետները մինչև համապատասխան տարվա մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը այն հաշվարկով, որպեսզի հնարավոր լինի ամբողջ ծավալով իրականացնել նրանց զինվորական հաշվառման և առողջական վիճակի գնահատման գործընթացը:
Զորակոչված իգական սեռի ներկայացուցիչները առանց վիճակահանության նշանակվելու են ուսումնական զորամասերում ու նրանց ծառայությունը կազմակերպվելու է բացառապես այդ զորամասերում։
Այդ նպատակով ընթացքի մեջ է առանձին զորամասի տեսքով կանանց գումարտակի ձևավորման գործընթացը, որի վարչակազմը հանդիսանալու են պայմանագրային զինծառայության մեջ գտնվող կանայք:
6-ամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալը առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում նրանք ստանալու են պատվովճար, որը՝ 6 ամիսը լրիվ ծառայելու դեպքում 1 միլիոն դրամ կլինի:
Իսկ վաղաժամկետ զորացրվելու դեպքում՝ նշված գումարը 6 ամսվա բաժանելու և փաստացի ծառայության ամիսների թվով բազմապատկելու արդյունքում ստացված չափով։ Իրավունք են ունենալու վեցամսյա ժամկետը լրանալու հիմքում զորացրվելու փոխարեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով դիմել և անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության՝ բնականաբար օգտվելով ծրագրի բոլոր արտոնություններից:
Նախագծի համաձայն՝ դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիները մինչև զորակոչվելու օրը կարող են գրավոր հրաժարվել զորակոչվելուց, զորակոչի չեն ենթարկվի նաև առողջական կամ օրենքով սահմանված ընտանեկան պայմաններից ելնելով։
Նախարարը պարզաբանեց նաև «կամավոր պարտադիր» բաղադրիչը:
Բոլոր պրոցեդուրաներն անցնելուց հետո նա կարող է միտքը փոխել։ Բայց այն օրվանից, երբ նա արդեն իսկ համարվում է զինծառայող, այդ օրվանից ծառայությունը այլևս դառնում է պարտադիր։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց՝ վեցամսյա ծառայությունից հետո կանայք ենթակա լինելո՞ւ են համընդհանուր մոբիլիզացիայի կամ վարժական հավաքների։
Իգական սեռի այն ներկայացուցիչները, որոնք կանցնեն 6-ամսյա պատրաստությունը, կլինեն մեր պահեստազորում, ամրագրում կստանան և անհրաժեշտության դեպքում կզորակոչվեն:
Նախարարն ասաց՝ շատ կարևոր է, որ իգական սեռի քաղաքացիներն իրենց զգան լիիրավ ու հավասար տղամարդկանց, այդ թվում՝ նաև հայրենիքը պաշտպանելիս։
Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ երկրի անվտանգության, զինված ուժերի բարեփոխումների հարցը գենդերային հավասարության հետ որևէ աղերս չունի: Խոսելով բանակի հեղինակությունը բարձացնելու մասին՝ Մանուկյանն ասաց.
Գեղամ Մանուկյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Կարելի է շատ զինվորականների վրա ցեխ չշպրտել և բանակի հեղինակությունը բարձրացնել, կարելի էր ՀՀ զինված ուժերի կազմավորման տոնական օրը շատ ավելի համատարած նշել և դրանով բանակի հեղինակությունը բարձրացնել, ոչ թե սղացնելով անցնել:
Մանուկյանի ելույթին արձագանքեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Անդրանիկ Քոչարյան (ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Զինվորականն ինքը պետք է այնպիսի կյանք ապրի, որ որևէ մեկը չկարողանա վարկաբեկել։ Մենք ունենք այդպիսի զինվորականներ, որոնք փառահեղ անցյալ ունեն, բայց նաև անկումներ են ունեցել, որը ողբերգական է թե՛ իրենց ընտանիքների համար, թե՛ մեր երկրի` կադրային կորստի տեսանկյունից:
Գեղամ Մանուկյանը ընդհատեց Քոչարյանի ելույթը, վրդովվեց՝ ոչ թե իր ելույթին, այլ նախագծին պետք է անդրադառնալ:
Անդրանիկ Քոչարյան - Պարոն Մանուկյան, ես ձեզ ձայն չտվեցի, խնդրում եմ մի արձագանքեք: Պարոն Մանուկյան, հիմա ես խոսում եմ, Դուք աշխատեք լռեք և լսեք, ես լռել և լսել եմ Ձեզ։ Կարգը չի խախտվել:
Մանուկյանին իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ նաև նախարարը, խնդրեց խոսքը չնենգափոխել:
Եթե ես խոսեցի գենդերային հավասարության մասին, չի նշանակում որ դա միակ և եզակի հիմնավորումն էր: Փաստաթղթում դուք կարդացել եք, որ հիմնավորման մեջ առկա և Կառավարության ծրագրի կատարում և ինչպես նշեցիք նաև մեր երկրի զարգացման տեսլականի մինչև 2050 թվականի մեջ: Իսկ ի՞նչ եք կարծում Կառավարությունը իր ծրագիրը չպիտի՞ իրականացնի, բա իհարկե մեր ծրագրից պիտի բխի:
Նախարարը հավելեց՝ մտադիր են հետագայում զինված ուժերում ունենալ կանանց հատուկ նշանակության ստորաբաժանում։ Կանանց հնարավորություն կտրվի նաև մարտական հերթապահություն իրականացնել։
Բայց այս ամենի համար, ըստ Պապիկյանի, պետք է հասկանալ՝ կա՞ արդյոք այդ ցանկությունն ու ռեսուրսը:
Հարթակ ենք ստեղծում, որ արձագանքը տեսնելով կպալանավորենք մեր հետագա գործողությունները։ Ես վստահ եմ, որ արձագանքը լինելու է շատ ակտիվ, ունենալու ենք շատ լավ կին զինծառայողներ:
Նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն, այն կընդգրկվի լիագումար նիստի օրակարգում:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան