Հովհաննիսյանները պատմում են՝ տունը կառուցում են արդեն մեկ տասնամյակից ավելի: Գումար չլինելու պատճառով աշխատանքներն անընդհատ ձգձգվում էին: Վերջապես ավարտը մոտ է:
Ռադիկ Հովհաննիսյան (Արմավիրի մարզի Ամասիա գյուղի բնակիչ) - Շենքը սկսել եմ 2010-ին: Սեփական ուժերով եմ սաղ սարքել: 12 տարի անց իմացա, որ վարկ կա՝ 2-տոկոսանոց, առաջ վարկը 16-18 տոկոս էր, շատ բարձր էր, հասանելի չէր:
Դիմեց և 3 մլն դրամ վարկով դարձավ Կառավարության՝ տուն-բնակարանները էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրի շահառու:
Ռադիկ Հովհաննիսյան - 1 մլն 400 հազար դրամ ջեռուցման վրա ծախսեցինք, 1 մլն 600 հազար դրամ էլ՝ սվաղ, ցեմենտ: Էս 3 սենյակը լամինատ ենք արել, պրեսգրանիտը, ծյոպլի պոլը, ջեռուցման համակարգը... Տակը ինչ մնացել է՝ աբոյ, ներկ:
Ջեռուցման համակարգը ձմռանը փորձարկել են, վերջապես բոլոր սենյակներում տաք է:
Ռադիկ Հովհաննիսյան - ...Կինս սենց ուզեց, ես ինչ իմանամ... Թազա նոր աղունիկ ենք:
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի հետ տան վերանորոգումը ժամանակավոր դադարեցրել են, կշարունակեն հետո: Բայց որ ճիշտ մեխանիզմ է ընտրվել՝ Հովհաննիսյան ընտանիքն իր կողմից հաստատում է:
Ռադիկ Հովհաննիսյան - Ճիշտ է արել պետությունը, որ քարտով տան, ու ասացին, որ չես կարա կանխիկացնես գումարը: Չեմ էլ կանխիկացրել, պրյամո խանութում ինչ առել եմ, վճարել եմ:
Էներգաարդյունավետ վերանորոգման ծրագիրը մեկնարկել էր նախորդ ամռանը՝ փորձնական ձևաչափով: Պետությունը ամբողջությամբ կամ մասնակի սուբսիդավորում է վարկի տոկոսադրույքը՝ ըստ քաղաքացու բնակության վայրի: ՏԿԵՆ-ում արդեն սկսել են ամփոփել ծրագիրը: 4 օրում շուրջ 70 շահառուի հասցեով են գնացել:
Հովհաննես Աբրահամյան (ՀՀ ՏԿԵՆ Էներգետիկ տարածաշրջանային շուկաների զարգացման բաժնի պետ) - Շատ կարևոր էր քաղաքացիների գնահատականը ծրագրին, որովհետև սա հնարավորություն է մարդկանց համար: Այցելեցինք բնակարան, որտեղ վերանորոգում չէր իրականացվել 70-ականներից ի վեր:
Փաստաթղթավորված, ՀԴՄ կտրոններով ստուգել են՝ որտեղ ինչքան գումար է ծախսվել: Խախտում չեն հայտնաբերել:
Հովհաննես Աբրահամյան - Ծրագրի սկզբից նախատեսել էինք շուրջ 2000 շահառուի ներգրավում: Դեռևս մայիսի տվյալները չենք ամփոփել, բայց այս պահին ունենք 2900-ից ավելի շահառու: Դա խոսում է ծրագրի հաջողված և քաղաքացիների համար հետաքրքիր լինելու մասին: Շուրջ 5.3 մլրդի մասին ենք խոսում, այդքան վարկ է տրամադրվել:
Սպասում էին, որ ակտիվությամբ Երևանն է առաջատարը լինելու, բայց մարզերը գերազանցել են մայրաքաղաքին:
Հովհաննես Աբրահամյան - Ակտիվ մարզերն են Արարատ, Կոտայք, Արագածոտն, մնացած մարզերը՝ համաչափ: Ծրագիրը հետաքրքիր էր նրանով, որ համաչափ տրամադրել էին:
Շատ են նաև ծրագրով արևային վահանակներ ձեռք բերելու դեպքերը:
Հովհաննես Աբրահամյան - Ծրագրի մեջ էներգաարդյունավետ կոմպոնենտին վարկի գումարից չափաքանակ էր տրամադրված՝ 20-30 տոկոս, բայց ի զարմանս մեզ՝ այն շուրջ 70 տոկոսի էր հասնում:
Քաղաքացու բարեկեցության վրա ուղիղ ազդեցություն ունեցող ծրագիրը օգնում է խնայել գազ-էլեկտրաէներգիայի համար վճարվող գումարը, նաև կօգնի թարմացնելու Հայաստանի բնակֆոնդը: Դրական արդյունքների դեպքում ծրագիրը կարող է երկարաձգվել: