ԷՐԴՈՂԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
Երեկ կայացած Թուրքիայի նախագահի ընտրության նախնական արդյունքների համաձայն՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 52,14 տոկոսը և վերընտրվել Թուրքիայի նախագահի պաշտոնում։ Ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է ձայների 47,86 տոկոսը։
Երեկ երեկոյան Էրդողանը հայտարարել է, որ որևէ մեկի նկատմամբ զայրույթ կամ դժգոհություն չունի, և ժամանակն է «մի կողմ դնել ընտրությունների հետ կապված բոլոր բանավեճերն ու հակասությունները և համախմբվել Թուրքիայի ազգային նպատակների ու երազանքների շուրջ»: Նա շնորհակալություն է հայտնել քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին՝ հավելելով, որ շարունակելու են կառուցել «թուրքական դարաշրջանը»:
Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Քեմալ Քըլըչդարօղլուն Անկարայում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայում տեղի է ունեցել վերջին տարիների ամենաանարդար ընտրությունը: Նրա խոսքով՝ պետության ռեսուրսները մոբիլիզացվել էին իշխող ուժի հաղթանակի ապահովման համար: Ընդդիմադիր թեկնածու նշել է, որ ընտրության արդյունքները ցույց են տալիս ավտորիտար իշխանությունը փոխելու ժողովրդի կամքն ու հասունացած ցանկությունը: Նա վստահեցրել է, որ շարունակեու է պայքարը ժողովրդավարության համար:
ԱԹՍ-ՆԵՐՈՎ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՐՁԱԿՈՒՄՆ Է ԵՂԵԼ ԿԻԵՎԻ ՎՐԱ
Ամբողջ գիշեր և առավոտյան Ուկրաինայի մայրաքաղաքում և հարակից շրջաններում առավոտյան օդային տագնապ է հայտարարված եղել: Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտնել է, որ հակաօդային պաշտպանությունը քաղաքի երկնքում ոչնչացրել է ավելի քան 40 թիրախ։ Մայիսի սկզբից սա Կիևի վրա 15-րդ օդային հարձակումն էր:
Ուկրաինայի տարբեր շրջաններում հարձակումների հետևանքով հրդեհներ են բռնկվել: Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ տեղի է ունեցել պատերազմի սկզբից ի վեր «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով քաղաքի վրա ամենամեծ հարձակումը: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ հարձակումների հետևանքով կան զոհեր. թիվը ճշտվում է:
ՌԴ ՆԳՆ-Ն ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԱՄՆ ՍԵՆԱՏՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմի նկատմամբ: ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել ամերիկացի քաղաքական գործչի՝ ռուսաֆոբ հայտարարությունների փաստով։
Օրեր առաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի գրասենյակը հրապարակել էր ամերիկացի սենատորի հետ նախագահի հանդիպման տեսանյութը: Ըստ դրա՝ Լինդսի Գրեմին հատարարել է, որ ուկրաինական հակամարտության ընթացքում ռուսների մահը Վաշինգտոնի «լավագույն ներդրումն է»։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Գրեմի խոսքերն անվանել էր ամոթալի։
Reuters գործակալության համաձայն՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հրապարակած տեսանյութում ամերիկացի սենատորի կողմից հնչող արտահայտարություններն իրականում ելույթի առանձին հատվածներից են, սակայն այժմ ներկայացվում են միասին և կոնտեքստից կտրված:
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՎԵՐԻՆ ՇԵՄԻ ՇՈՒՐՋ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օրենսդիրներին հորդորել է ընդունել բյուջեի շուրջ համաձայնությունը, որը նա ձեռք է բերել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մըքքարթիի հետ: Սպիտակ տան առաջնորդը նշել է, որ շատ զիջումների չի գնացել պետական պարտքի վերին շեմի բարձրացման հետ կապված ճգնաժամին վերջ դնելու համար, որը երկրի տնտեսությանը սպառնում էր դեֆոլտով:
Լրագրողների հետ զրույցում Բայդենը հայտարարել է, որ Մըքքարթիի հետ կառուցողական բանակցություններ է ունեցել և ի վերջո ստացել է հանրապետականների աջակցությունը: Ըստ նախագահի՝ ձեռք բերված համաձայնության արդյունքում իր հիմնական քաղաքական առաջնահերթությունները պահպանվելու են, և դա «լավ նորություն» է ամերիկյան ժողովրդի համար:
ԻՍՐԱՅԵԼԸ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ ԴԱՄԱՍԿՈՍԻ ԱՐՎԱՐՁԱՆՆԵՐԻՆ
Սիրիական լրատվամիջոցները գրում են, որ իսրայելական ինքնաթիռները հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի արվարձաններին: Սիրիայի պաշտպանության նախարարության աղբյուրը տեղեկացրել է, որ գիշերը իսրայելական ավիացիան Գոլանի բարձունքներից հրթիռներ է արձակել Սիրիայի մայրաքաղաքի արվարձանների ուղղությամբ։ Նրա խոսքով՝ սիրիական հակաօդային պաշտպանությունը կարողացել է իսրայելական մի քանի հրթիռ խոցել։ Իսրայելի իշխանությունները չեն մեկնաբանել Դամասկոսի ուղղությամբ հարվածների մասին հաղորդագրությունները: