Ուկրաինայի Գերագույն ռադան ներկայացրել է օրենքի նախագիծ` Վրաստանի անունը Грузия-ի փոխարեն վերանվանել «Սաքարթվելո» պատմական անվամբ, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Օրենքի նախագծի հեղինակ պատգամավորները՝ «Եվրոպական համերաշխություն», «Գոլոս», «Բատկիվշչինա» և իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցություններից, նշել են, որ Վրաստանի կողմից պատմական անունով կոչվելու խնդրանքն արդարացի է, քանի որ Грузия տերմինը ռուսական ազդեցության հետևանք է։
Ըստ փաստաթղթի՝ Վրաստանը կկոչվի «Սաքարթվելո», իսկ վրաց ժողովուրդը` քարթվելներ:
Անվանափոխությունը կնպաստի երկու պետությունների մերձեցմանը և թույլ կտա ազատվել Վրաստանի «ռուսացված» անվանումից, կարծում են նախաձեռնության հեղինակները:
Նշենք, որ Լիտվայի Հանրապետությունը 2021 թվականից օգտագործում է «Սաքարթվելո» անվանումը։
Վրաստանը աշխարհի տարբեր մասերում կոչվում է տարբեր ձևերով: Առավել տարածված տարբերակներն են եվրոպական հատվածում՝ Georgia-ն, ռուսացված տարբերակը՝ Грузия-ն, և վրացական ինքնանվանումը՝ Սաքարթվելոն։
Սա անվանափոխության առաջին փորձը չէ Ուկրաինայում: Ավելի վաղ ՝ ապրիլի 2-ին, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովն առաջարկել էր Սևաստոպոլ քաղաքը վերանվանել «թիվ 6 օբյեկտ»: Նրա խոսքով՝ անվանափոխությունը թույլ կտա խզել պատմական ասոցիացիաները քաղաքի ռուսական ռազմական փառքի հետ։
Մինչ այդ՝ մարտի 11-ին էլ, Ուկրաինայի նախագահ Զելենսկին խոստացել էր աշխատել Ռուսաստանը «Մոսկովիա» վերանվանելու հարցի վրա։