Հաշվեքննիչ պալատն ամփոփել է 2020-ի պատերազմի ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամից որպես նվիրատվություն Հայաստանի պետական բյուջե փոխանցված միջոցների ստուգումը: Հաշվեքննության արդյունքում ներկայացվել է դրական եզրակացություն Կառավարության իրականացրած ծախսերի վերաբերյալ:
«Մեր կարծիքով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններից պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար» Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 09.10.2020 թվականից մինչև 01.11.2020 թվականը փոխանցված միջոցների օգտագործման վերաբերյալ իրականացված հաշվեքննության մասով ստացվել է բավարար տեղեկատվություն, և էական խեղաթյուրումներ չեն հայտնաբերվել»:
Հաշվեքննությունն իրականացվել է 2022-ի հունվարի 3-ից սեպտեմբերի 30-ը: Եզրակացությունը հրապարակված է Հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում: 2020-ի պատերազմի առաջին իսկ օրից նախաձեռնված համազգային դրամահավաքով հավաքվել էր մոտ 89 մլրդ դրամ՝ 182 մլն դոլար, որից մոտ 52 մլրդ 703 մլն-ն նվիրաբերվել էր Հայաստանին, ինչը շահարկումների առիթ էր դարձել: Պնդումներ կային, թե նվիրաբերված գումարները տեղին չեն ծախսվել:
Հայկակ Արշամյան («Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն) - Նույնիսկ խոսվում էր, որ այդ գումարները գնացել են պարգևավճարների, չեն ծառայել իր նպատակին: Նաև թվային առումով սխալներ կային՝ 150 մլն դոլար եք տվել պետությանը, չնայած մեր պարզաբանումների տպավորություն էր, տվել ենք:
Ըստ Արշամյանի՝ հոգաբարձուների խորհուրդը, կարևորելով փոխանցված գումարների բաց, թափանցիկ, արդյունավետ և նպատակային օգտագործումը, մի քանի անգամ քննարկել է այդ ծախսված միջոցների անկախ հաշվեքննության անհրաժեշտությունը, որը հիմնադրամի արտաքին աուդիտորական կազմակերպությունը իրավասու չէ իրականացնել։ Բյուջետային միջոցների օգտագործման հաշվեքննության լիազորություն ունի միայն Հաշվեքննիչ պալատը։
Հայկակ Արշամյան - Հաշվեքննիչ պալատն ԱԺ ֆինանսատնտեսական հանձնաժողովի նիստում ընդունեց, որ կստուգի այս ծախսերի մասով նախնական փաստաթղթերը, հիմքերը՝ արդյոք ինչպե՞ս են բաշվել, ծախսվել, արդյոք համապատասխանո՞ւմ են պայմանագրին, նպատակների՞ն է ծառայել, կանոնադրությանը համապատասխա՞ն է եղել, թե՞ ոչ: Շահառուն հենց հիմնադրամն է, քանի որ առաջին հերթին մեզ է պետք և մեր նվիրատուներին, նրանց արդարացի պահանջն էր, որ 52 մլրդ-ի մասով ինչպես է ծախսվել:
Արշամյանի խոսքով՝ բյուջե փոխանցված գումարներով 2020-21 թվականներին իրականացվել են կենսական ծրագրեր: 100.000 շահառուի տրվել է ավելի քան 36 մլրդ դրամի աջակցություն: Հաշմանդամություն ստացած, զոհված և անհետ կորած զինծառայողների մոտ 9 հազար ընտանիքի տրվել է 4.9 մլրդ դրամ: Ավելի քան 3.3 մլրդ դրամով ձեռք են բերվել շտապօգնության մեքենաներ, ամենագնացներ, ԴՆԹ փորձաքննության, բժշկական սարքեր: 1.4 մլրդ դրամ է հատկացվել մարտական գործողությունների մասնակիցների, նրանց հարազատների ուսման վարձի փոխհատուցման համար: Հայաստանում արցախցիներին հյուրընկալող 3950 ընտանիքի ծախսերի փոխհատուցմանը տրվել է 1.2 մլրդ դրամ:
Հայկակ Արշամյան - Հարցը կմտնի նաև հոգաբարձուների խորհրդի նիստին, որը գումարվելու է հունիսի 24-ին, կքննարկեն, թե ֆինանսների նախարարության մեզ 2021-ի հունիսին տրամադրած հաշվետվությունը, և նաև այս հաշվեքննության արդյունքը, և որոշում կկայացնեն: Վստահ եմ, որ այս էջը ուղղակի կփակվի, և հիմնադրամը նոր էջից կսկսի իր հետագա գործունեությունը:
Հավաքված 89 մլրդ դրամից մնացած 36 մլրդ-ով, Արշամյանի խոսքով՝ իրականացվել և շարունակվում են կենսական նշանակության 50 ծրագրեր՝ վիրավոր զինծառայողների պրոթեզավորումից մինչև բնակարանաշինական: 300 շահառու ստացել, ևս 300-ն այս տարի բնակարան կամ տուն կստանա: Կառուցվել է ավելի քան 52 կմ ճանապարհ: Իրականացված ծրագրերի վերաբերյալ մանրամասները հիմնադրամի տարեկան հաշվետվություններում են: