ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձավ բանակցային գործընթացին, մասնավորապես՝ Մոսկվայի եռակողմ հանդիպմանը:
Ըստ վարչապետի՝ մոսկովյան հանդիպման քննարկման թեմաներից մեկը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին և Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը։
«Չեմ կարող ասել, որ այդ քննարկման արդյունքները գոհացնում են: Եվ պիտի արձանագրենք, որ սա շատ ցավալի իրավիճակ է, և ես նաև հրապարակային առիթ ունեցա ասելու, որ Լաչինի միջանցքի փակումը տեղի է ունեցել, ըստ էության, ռուս խաղաղապահների աչքի առաջ և ներկայությամբ, ինչը բավականին մտահոգիչ է: Մենք շարունակելու ենք այս իրադրության կարգավորման ուղղությամբ մեր քննարկումները, այդ թվում՝ Ռուսաստանի մեր գործընկերների հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նաև տեղեկացրեց, որ մոսկովյան հանդիպմանը քննարկվել է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, ապա նշեց, որ հայկական կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ պատրաստ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը:
«Մենք պատրաստ ենք շատ արագ այդ կոմունիկացիաների վերաբացմանը երկրների սուվերենության և իրավազորության ներքո»,- ասաց նա, ապա տեղեկացրեց, որ հայկական կողմը շահագրգիռ է այս հարցում, ուստի այս պահին աշխատում են երկաթուղային ենթակառուցվածքների բացման ուղղությամբ:
«Երբ դա տեղի ունենա, դա ևս մի լրացուցիչ խթան կլինի Հայաստանի տնտեսության զարգացման համար: Ցավոք, այդ հարցի լուծումը միայն մեզնից չի կախված: Եթե միայն մեզնից կախված լիներ, վաղուց լուծված կլիներ»,- հայտարարեց Փաշինյանը: