ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ որոշակի մանրամասներ ներկայացրեց Բրյուսելի բանակցություններից՝ հիշեցնելով, որ այդ շրջանակում է որոշվել, որ Հայաստանն ընդունում է Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանն ընդունում է Հայաստանի՝ 29.800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը:
Առնվազն հասկանալի չենք համարում Ադրբեջանի նախագահի՝ երեկ արած մի շարք հայտարարություններ, այս համատեքստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով արցախահայերին ուղղված Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե անկախության երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը, և նրանց մնում է մեկ ճանապարհ՝ լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին: Վարչապետը նշել է՝ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է պարզաբանեն, թե արդյոք դա նշանակո՞ւմ է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից:
«Եվ ես կարծում եմ՝ մեր գործընկերներից այս հարցի պատասխանը պետք է ստանանք: Տեքստը, որը հնչել է, շատ մոտիկ է դրան, բայց պետք է լրացուցիչ ճշգրտումներ մտցվեն, որ մեր հետագա գործողությունները պլանավորենք:
Քիշնևում նախատեսված է հնգակողմ հանդիպում, այդտեղ քննարկում կար, թե արդյոք հնարավո՞ր է խաղաղության պայմանագիր ստորագրվի: Ես ասեմ, որ դեռ չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները մեր փոխանցած առաջարկների վերաբերյալ: Այս պահի դրությամբ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել»,- ասել է վարչապետը: