Քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ, նախքան օրակարգային հարցերին անցնելը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայիսի 27-ին մրցումների մեկնող մարզիկների վթարի դեպքին, որի հետևանքով կան մեկ զոհ և 7 վիրավոր:
Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ երեխաներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Մարզիկները բուժում են ստանում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Նշվել է նաև, որ արյան անհրաժեշտության առնչությամբ սոցցանցերում տարածված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:
«Ահավոր դեպք է տեղի ունեցել, և սա ևս մեկ անգամ գալիս է մեզ հիշեցնելու, որ մեզ մոտ դեռևս բոլոր կանոնները չեն, որ պահպանվում են, մասնավորապես, ավտոմեքենայում նախատեսված քանակից ավելի են եղել երեխաները, վստահ եմ, ամրակապված չեն եղել, և ծանրագույն դեպքի պատճառներից մեկը հենց դա է»,- նշել է փոխքաղաքապետն ու ոլորտի պատասխանատուներին հանձնարարել այցելել երեխաներին ու նրանց ընտանիքներին՝ մշտական հսկողության տակ պահելով բուժման գործընթացը:
Հիշեցնենք՝ Արտաշատից Գառնի մրցումների մեկնող պատանի մարզիկները վթարի էին ենթարկվել: