ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ իր երկիրը Միութենական պետությանն անդամակցելու կարիք չունի։ Այս կերպ Տոկաևը պատասխանել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ավելի վաղ արած հայտարարությանը, որով նա Ղազախստանին ու հետխորհրդային տարածքի մյուս երկրներին առաջարկել էր ընդգրկվել Ռուսաստանի և Բելառուսի ստեղծած Միութենական պետությանը՝ միջուկային զենքին ավելի մոտ լինելու համար։
«Ես գնահատեցի նրա կատակը։ Կարծում եմ՝ դրա կարիքը չկա, քանի որ կան այլ ինտեգրացիոն միավորներ, առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միությունը»,- պատասխանել է Տոկաևը։
Նա նաև հիշեցրել է, որ Ղազախստանը միացել է Միջուկային փորձարկումների արգելման և Միջուկային զենքի չտարածման պայմանագրերին, հետևաբար, իր երկիրն այդ զինատեսակի կարիքը չունի։
«Մենք հավատարիմ ենք միջազգային փաստաթղթերով ստանձնած մեր պարտավորություններին»,- ընդգծել է հանրապետության ղեկավարը։
ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔԸ ԿԱՐՈՂ Է ՉԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ. ԼԱՎՐՈՎ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախազգուշացրել է, որ միջազգային գործարքը, որը թույլ է տալիս ուկրաինական հացահատիկ արտահանել Սև ծովով, այլևս չի երկարաձգվի, եթե ռուսական կողմի պահանջները չկատարվեն։ Նրա խոսքով` Ուկրաինայից արտահանված 30 միլիոն տոննա հացահատիկի միայն 3 տոկոսն է հասել ամենաաղքատ երկրներին: Լավրովը հիշեցրել է, որ Պարենի համաշխարհային ծրագրի ցանկում հինգ աֆրիկյան երկրներ են ներառված, որոնք պարենամթերքի կարիք ունեն:
«Մենք Եվրամիության և կառույցի անդամների գործողությունները դիտարկում ենք որպես պարենային անվտանգության ոլորտում առաջ քաշված խնդիրների ուղղակի սաբոտաժ»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը:
ԳԵՐԱԳՈՒՅՆ ՌԱԴԱՆ ԻՐԱՆԻ ԴԵՄ 50 ՏԱՐՈՎ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿՍԱՀՄԱՆԻ
Գերագույն Ռադան հավանություն է տվել Իրանի դեմ 50 տարով պատժամիջոցներ սահմանող նախագծին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջարկել էր ամբողջությամբ արգելել Իրանի հետ առևտուրը, դադարեցնել ռեսուրսների տարանցումը, թռիչքները և հաղորդակցությունը, կանխել իրանցիների կապիտալի դուրսբերումն Ուկրաինայից և արգելել ցանկացած ներդրում Իսլամական Հանրապետությունում: Այս առաջարկները ապրիլին պատրաստվել են Ուկրաինայի կառավարության կողմից և ներկայացվել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին։
Պաշտոնական Կիևը իրանական կողմին մեղադրում է Ռուսաստանին ԱԹՍ-ներ և այլ ռազմական միջոցներ փոխանցելու համար, որոնք օգտագործվում են Ուկրաինայի դեմ: Պաշտոնական Թեհրանը, սակայն, կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները՝ ընդգծելով, որ ուկրաինական կողմը բացի հայտարարություններից, որևէ ապացույց չի ներկայացնում:
ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ
Հուլիսի 23-ին Իսպանիայում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ. Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն այսօր հայտարարել է, որ արձակելու է խորհրդարանը` այն բանից հետո, երբ նրա ղեկավարած ձախախողմյան կոալիցիան տարածաշրջանային ընտրություններում դիրքերը զիջել է պահպանողականներին: Նախատեսվում էր, որ Սանչեսը կհետաձգի համազգային քվեարկությունը մինչև դեկտեմբեր, հատկապես, որ հուլիսի 1-ից Իսպանիան պատրաստվում է ստանձնել Եվրամիության համանախագահի պաշտոնը: Ըստ նախնական արդյունքների՝ ընդդիմադիր պահպանողական «Ժողովրդական կուսակցությունը» վերահսկողություն է ստացել 12 տարածաշրջանից 8-ում, այդ թվում՝ Մադրիդում և Վալենսիայում։
ԽԱՄԵՆԵԻՆ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏԵԼ ԵԳԻՊՏՈՍԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն Օմանի սուլթանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանի և Օմանի միջև հարաբերությունների ընդլայնումը բխում է երկու երկրների շահերից: Անդրադառնալով Օմանի սուլթանի հայտարարությանն` այն մասին, թե Եգիպտոսը պատրաստ է վերականգնել հարաբերություններն Իրանի հետ, Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը ողջունել է դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու Եգիպտոսի պատրաստակամությունը: Այաթոլա Խամենեին դրական է գնահատել նաև Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերսկսումը՝ նշելով, որ դա երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի վարած լավ քաղաքականության արդյունքն է: