Թուրքիայի ներկա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ նախագահի ընտրության երկրորդ փուլն ավարտվել է, և իրեն հաղթող է անվանել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Քաղաքական գործիչն աջակիցներին ուղղված կոչում ասել է, որ ժողովուրդը հաջորդ հինգ տարիների ընթացքում իրեն և իր վարչակազմին է փոխանցել երկրի կառավարման պատասխանատվությունը։ Էրդողանի խոսքով՝ երկրում ընտրությունների արդյունքները դարձել են ժողովրդավարության տոն, քանի որ, ըստ նրա՝ հաղթեցին Թուրքիան և նրա ժողովրդավարությունը: Ելույթի վերջում նա հաղթական երգ է երգել:
Թուրքիայի ղեկավարի օգտին քվեարկել է ընտրողների 52,13 տոկոսը։
Ընդդիմությունն ընդունել է իր պարտությունը: Էրդողանի մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահի ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենաանարդարը: Չնայած քվեարկության արդյունքներին՝ քաղաքական գործիչը խոստացել է շարունակել պայքարը՝ հանուն ժողովրդավարության։
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Մուհարեմ Ինջեն, որն առաջին փուլում ստացել էր ընտրողների ձայների 0,4 տոկոսը, շնորհավորել է Էրդողանին հաղթանակի համար, իսկ ընդդիմությանը հորդորել է մտածել, թե որտե՛ղ է սխալ գործել։