Թուրքիայիում երեկ կայացած նախագահի ընտրության երկորդ փուլի արդյունքները Ռեջեփ Թայիփ Էրդողանին իր 20-ամյա կառավարումը ևս 5 տարով երկարաձգելու հնարավորություն տվեցին: Նախնական արդյունքներով Էրդողանը ստացել է ձայների 52,14%-ը, նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուին կողմ է քվեարկել 47,86%-ը։ Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի ղեկավար Ահմեթ Եները հաստատել է Էրդողանի հաղթանակը: Քըլըչդարօղլուին չի բավարարել 2 միլիոն ձայն՝ նախագահ դառնալու համար: Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 1-ին, իսկ մինչև այդ Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել իրեն վստահություն հայտնած քաղաքացիներին:
Ռեջեփ Թայիփ Էրդողան (Թուրքիայի նախագահ) - Մենք հարգում ենք ընտրողների կամքը, ինչպես դա արել ենք նախորդ բոլոր ընտրություններում։ Միայն մենք չենք հաղթել։ Հաղթեց՝ Թուրքիան, հաղթեց՝ ժողովրդավարությունը։ Մայիսի 28-ի ընտրությանը պարտվողներ չկան, հաղթել է Թուրքիայի 85 մլն բնակչությունը։ Հիմա ժամանակն է մի կողմ դնելու ընտրական շրջանի շուրջ բոլոր հակասությունները ու համախմբվել՝ մեր ազգային նպատակներն ու երազանքները կյանքի կոչելու համար։
Ելույթում Էրդողանը խոստովանել է, որ գնաճն ամենահրատապ խնդիրն է, և ընդգծել է՝ այն շուտով կնվազի՝ հաշվի առնելով Կենտրոնական բանկի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական նվազեցման քաղաքականությունը: Մինչև Էրդողանը Թուրքիայի տնտեսության վերականգնման խոստումներ էր տալիս, ընտրություններից ժամեր անց լիրան ռեկորդային նոր արժեզրկում գրանցեց: Մասնագետներն ու հեղինակավոր կառույցները կանխատեսում են, որ այս տարվա երկրորդ եռամսյակի վերջին լիրան դոլարի նկատմամբ կհասնի ավելի ցածր մակարդակի։
Հետընտրական ելույթում Էրդողանն ուշադրություն է հրավիրել նաև աշխարհաքաղաքական գործընթացների և համաշխարհային աշխարհակարգի ցնցումների վրա:
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Աշխարհում ուժերի հավասարակշռությունը փոխվում է, և այդ ֆոնին Թուրքիան կներկայանա որպես բոլորովին այլ երկիր՝ ավելի ուժեղ և հեղինակավոր։ Մենք կուժեղացնենք պայքարը ազգային անվտանգության սպառնալիքների դեմ, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը Թուրքիայի հարավային սահմանների մոտ:
Ընդդիմադիր ուժերի կողմից առաջադրված Քեմալ Քըլըչդարօղլուի համոզմամբ, սակայն, Թուրքիային նման լավատեսական տեսալական չի սպասում: Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո Քըլըչդարօղլուն հայտարարեց վերջին տարիներին «ամենաանարդար» ընտրական գործընթացի մասին և խոստացավ շարունակել պայքարը ժողովրդավարության համար:
Քեմալ Քըլըչդարօղլու (Թուրքիայի նախագահի թեկնածու) - Իշխող կուսակցության համար մոբիլիզացվել էին պետության բոլոր միջոցները։ Բոլոր հնարավորությունները դրված էին մեկ մարդու ոտքերի տակ: Այս ընտրություններում երևաց ավտորիտար ռեժիմը փոխելու ժողովրդի կամքը՝ չնայած բոլոր ճնշումներին։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը բոլոր ճակատներում, մենք լինելու ենք պայքարի առաջնագծում, պայքարելու ենք այնքան, մինչև երկրում հաստատվի իրական ժողովրդավարություն։
Քեմալ Քըլըչդարօղլուն իր ելույթում նշել է, որ տխրում է թուրք ժողովրդի համար, որին, նրա համոզմամբ, դժվար օրեր են սպասում։
Թուրքական հասարակության ընդդիմադիր տրամադրված հատվածի շրջանում նկատելի է հիասթափությունը:
Ընտրությունից հետո Թուրքիայի երիտասարդությունը կոտրված է, բոլորը հուսահատ են, քանի որ ժողովրդավար երկրում ապրելու հույսը մարեց: Երիտասրադների շրջանում առկա դժգոհության ու բողոքի այս ալիքը, սակայն, անչափ վտանգավոր ու անհանգստացնող է:
Ընտրությունների նախնական արդյունքներից հետո Ռեջեփ Էրդողանը շնորհավորանքներ է ստացել տարբեր երկրների առաջնորդներից: Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահներն առաջինն են շնորհավորել Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով: Վերընտրվելու կապակցությամբ Թուրքիայի ղեկավարին շնորհավորել է նաև Իրանի նախագահը, որը Էրդողանի վերընտրությունն անվանել է թուրքական ժողովրդի «անփոփոխ արժեքավոր վստահության նշան»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ «Ակնկալում եմ, որ կշարունակենք համատեղ աշխատանքը մեր երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- Թվիթերում գրել է Փաշինյանը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, շնորհավորելով Էրդողանին, գրել է. «Ես անհամբերությամբ սպասում եմ համատեղ աշխատանքի շարունակմանը՝ որպես ՆԱՏՕ գծով դաշնակիցներ երկկողմ հարցերի և ընդհանուր գլոբալ մարտահրավերների վերաբերյալ»:
Ռուսաստանի նախագահը շնորհավորական ուղերձում վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը շարունակելու կառուցողական երկխոսությունը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ: «Մենք մեծապես կարևորում ենք նախատեսվող համատեղ նախագծերի հետևողական իրականացումը, առաջին հերթին՝ «Աքքույու» ատոմակայանի կառուցումը և Թուրքիայում գազային հանգույցի ստեղծումը»,- նշված է Պուտինի ուղերձում:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ հույս է հայտնել զարգացնել համագործակցությունը հանուն Եվրոպայի անվտանգության և կայունության, էլ ավելի ամրապնդելու երկկողմ ռազմավարական գործընկերությունը՝ ի շահ երկու երկրի:
Էրդողանին ուղղված շնորհավորական ուղերձում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան և Թուրքիան միասին լուծելու հսկայական խնդիրներ ունեն՝ խաղաղության վերադարձ Եվրոպա, մեր եվրատլանտյան դաշինքի ապագան, Միջերկրական ծովը: «Նախագահ Էրդողանի հետ, որին ես շնորհավորում եմ վերընտրվելու կապակցությամբ, մենք կշարունակենք առաջ շարժվել»,- Թվիթերում գրել է Մակրոնը:
Էրդողանին շնորհավորել են նաև Վրաստանի, Ղազախստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Սկանդինավյան և մի շարք այլ երկրների ղեկավարներ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները: