Հայ-ադրբեջանական բանակցություններում անկլավների հետ կապված կան քննարկումներ, դիտարկվում են տարբեր սցենարներ։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։ Գնել Սանոսյանի խոսքով՝ հստակ է, որ առանցքային նշանակություն են ունենալու իրավական հիմքերը։
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Մեկ բան ակնհայտ է, որ երկու կողմում կան նման տարածքներ, այսինքն՝ մեր կողմում ևս կան նման տարածքներ, ինչպես նաև 90-ականների պատերազմից հետո ունենք նման տարածքներ հատկապես Տավուշի մարզում, որոնք հիմա գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ: Կարծում եմ՝ այդ ամենը մեկ ընդհանուր փաթեթի մեջ կդիտարկվի, կան քննարկումներ և տարբեր սցենարներ:
Հարցին, թե ինչ տարածքների մասին է խոսքը, Սանոսյանը հստակեցրեց, որ դրանք Հայաստանի մի շարք բնակավայրերի վարչական սահմաններին հարակից տարածքներ են, որոնք խախտվել էին ժամանակին, ինչպես նաև Արծվաշենը։
Գնել Սանոսյան - Ինչու եք գիշեր-ցերեկ միայն հանձնելուց խոսում:
Անդրադառնալով խնդրին, որ վիճահարույց տարածքները Ադրբեջանին վերադարձնելու դեպքում հնարավոր է՝ պետական նշանակության ճանապարհներ հայտնվեն թշնամու վերահսկողության տակ, Սանոսյանը պատասխանեց՝ բոլոր սցենարների դեպքում կգտնեն լուծումներ:
Գնել Սանոսյան - Հետո քննարկումներ, բանակցություններ, ինչպես Սյունիքում գտանք լուծումներ՝ փոխարինող ճանապարհներով, այնպես էլ էստեղ:
ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Սանոսյանը նշեց, որ Թուրքիայի հետ ցամաքային կապ ապահովող Մարգարայի կամուրջը նորմալ վիճակում է, հնարավոր է շահագործել, ցանկացած մեքենայով երթևեկության համար պիտանի է, միակ խնդիրը կամրջի նեղ լինելն է, որը թույլ չի տալիս երկկողմանի երթևեկություն, բայց այն ակտիվ շահագործելու դեպքում աշխատանքներ կսկսվեն այդ ուղղությամբ: Անդրադարձավ նաև Ջրային կոմիտեի նախագահի վերջերս արած հայտարարությանը, որ Արաքսի ջրի հետ կապված լուրջ խնդիր կա՝ պայմանավորված Թուրքիայի մեծ ջրամբարների կառուցմամբ:
Գնել Սանոսյան - Ամբողջովին չի ցամաքի, որոշակի էկոլոգիական կարգավորումներ կան, և՛ Արաքսում խնդիր կա, և՛ Ախուրյանի ջրամբարում մեծ ծավալի ջուր է պակասել, քան նախորդ տարի, բայց, ցավոք, բոլոր ջրամաբարներին է դա վերաբերում, Ապարանից սնվող ջրամբարում և Ախուրյան-Արաքս: Հիմա փորձում ենք որոշակի ոռոգման ծավալների փոփոխություններով կառավարել ստեղծված իրավիճակը, բայց, ցավոք, Սևանից հավելյալ ջուր վերցնելու խնդրի առաջ կանգնելու ենք:
Ինչ վերաբերում է Սյունիքի այլընտրանքային ճանապարհների կառուցմանը, ապա Սանոսյանն ընդգծեց, որ Լծեն-Նորավանում ևս մեկ նոր ճանապարհահատված է ասֆալտապատվում, ավարտվել են Շամբ-Լծենի աշխատանքները, և գրեթե ավարտվել է Լծեն-Տաթև ճանապարհահատվածի կառուցումը: Հիմա Նորավանից դեպի Շամբ ուղղությամբ են աշխատանքներ տարվում, որոշ հատվածներում լայնացվում են ճանապարհները: