Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում հունիսի 1-ին կայանալիք հնգակողմ հանդիպմանը, որին պետք է մասնակցեն նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն քննարկումներին, թե արդյոք հավանակա՞ն է, որ այդ օրը խաղաղության պայմանագիր ստորագրվի:
«Մենք դեռևս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները Վաշինգտոնից առաջ իրենց փոխանցված մեր առաջարկությունների վերաբերյալ: Եթե ես ճիշտ եմ հիշում, դա խաղաղության պայմանագրի արդեն չորրորդ խմբագրումն է: Չորրորդ խմբագրումը փոխանցել ենք, այս պահի դրությամբ դեռևս դրանց մեկնաբանությունները չենք ստացել: Հետևաբար, այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլինի ստորագրել»,- ասաց Փաշինյանը: