Թուրքիայի ներկա նախագահ Էրդողանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ աշխարհի տարբեր պետությունների ղեկավարներից: ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը շնորհավորել է Էրդողանին՝ պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Նա նշել է, որ անհամբեր սպասում է շարունակելու համագործակցությունը Թուրքիայի հետ՝ «որպես ՆԱՏՕ-ի դաշնակից պետության երկկողմ հարցերի և ընդհանուր գլոբալ մարտահրավերների շուրջ»։
Ավելի վաղ Էրդողանին շնորհավորել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա Թուրքիայի ղեկավարի հաղթանակն անվանել է մեծ ու արժանի։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, շնորհավորելով իր թուրք գործընկերոջը, նշել է, որ Էրդողանի հաղթանակը քաղաքական գործչի անձնուրաց աշխատանքի արդյունքն է։ Պուտինը նաև նշել է, որ Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Անկարայի հետ համատեղ նախագծերի հետագա իրականացմանը։
Էրդողանին շնորհավորել են Հայաստանի վարչապետ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Ալիևը, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի նախագահները, Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի ղեկավարները, Գերմանիայի կանցլեր Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Ճապոնիայի կառավարությունը, Սկանդինավյան երկրների ղեկավարները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը, շնորհավորելով Էրդողանին պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ երկու երկրների համագործակցությունը կշարունակվի Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակում։ Էրդողանին հաղթանակի առիթով շնորհավորել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը և ցանկություն է հայտնել համատեղ նախապատրաստել հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։
Էրդողանին Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ ընդգծելով, որ ակնկալում է Անկարայի և միջազգային հանրության միջև փոխգործակցության ակտիվացում։