Ուկրաինայի Գերագույն ռադան երկուշաբթի հաստատել է Իրանի դեմ 50 տարի ժամկետով Կիևի պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը։ Պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը Telegram-ի ալիքում նշել է, որ համապատասխան բանաձևին կողմ է քվեարկել 328 պատգամավոր։
Պատժամիջոցները նախատեսում են Իրանի հետ առևտրային գործառնությունների ամբողջական արգելք, ռեսուրսների, թռիչքների, փոխադրումների, Ուկրաինայի տարածքով Իրանի քաղաքացիների տարանցման դադարեցում, Իրանի քաղաքացիների նկատմամբ տնտեսական և ֆինանսական պարտավորությունները կատարելուց Կիևի հրաժարում, նաև արգելք է կիրառվում տեխնոլոգիաների և մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների փոխանցման հանդեպ։ Բացի այդ, Ուկրաինայում չեն սպասարկվելու Իրանի քաղաքացիների էլեկտրոնային վճարումները։
Կիևը 2022 թվականի հոկտեմբերին Թեհրանին մեղադրել է Ռուսաստանին զենք, հիմնականում՝ անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար։ Մայիսի 28-ի գիշերը, ըստ Ուկրաինայի իշխանությունների, Կիևի վրա ամենազանգվածային հարձակումը կատարվել է իրանական անօդաչու թռչող սարքերի միջոցով։
Թեհրանը հերքում է մեղադրանքը: