ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին ՄըքՔարթին հեռախոսազրույցի ընթացքում վերջնական համաձայնության են եկել և առաջարկել են Ներկայացուցիչների պալատին ու Սենատին հաստատել երկկուսակցական համաձայնությունը՝ բարձրացնելու պետական պարտքի շեմը։ Այս մասին Բայդենն ասել է կիրակի՝ լրագրողների հետ զրույցում։
«Այժմ համաձայնագիրը կներկայացվի Ներկայացուցիչների պալատ և Սենատ: Ես խորհուրդ եմ տալիս, որ երկու պալատն էլ ընդունի այս փաստաթուղթը»,- հավելել է ամերիկացի առաջնորդը:
Բայդենն ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում ինքը փոխզիջումների է գնացել բյուջեի, բայց ոչ պետական պարտքի սահմանաչափի բարձրացման հարցում։
Հունվարին ԱՄՆ-ը գերազանցել է 31,4 տրիլիոն դոլարի օրինական պարտքի շեմը: Դրանից հետո երկրի ֆինանսների նախարարությունը ստիպված է եղել արտակարգ միջոցներ կիրառել իր ֆինանսական գործունեությունը շարունակելու համար։ ԱՄՆ վարչակազմը վերջին ամիսներին Կոնգրեսին կոչ էր անում բարձրացնել պարտքի սահմանաչափը: