2022-ին Հայաստանի տնտեսությունը զգալի դրական զարգացումներ է գրանցել: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը 2022 թվականի բյուջեի կատարողականի մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ ԿԲ եզրակացությունը ներկայացնելիս:
Անդրադառնալով ՀՀ մակրոմիջավայրին և տնտեսության աճի դրական զարգացումներին՝ Հովհաննես Խաչատրյանն ասաց, որ դա պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտությամբ, ապրիլից դեպի Հայաստան միջազգային այցելուների, աշխատուժի, ընկերությունների և ֆինանսական կապիտալի ներհոսքով:
«Արդյունքու՝մ 2022-ին Հայաստանում տնտեսական աճը գրեթե կրկնակի գերազանցել է բյուջեով նախատեսված թիրախավորված ցուցանիշը՝ կազմելով 12,6 տոկոս: 2022-ին, ինչպես ՀՀ մակրոտնտեսական միջավայրը, այնպես էլ գնաճային զարգացումները մեծապես կրել են ռուս-ուկրաինական հակամարտության, Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառված տարբեր պատժամիջոցների և դրանցից ածանցված տնտեսական հետևանքները, ինչպես նաև զարգացած երկրների տնտեսական և գնաճային զարգացումներից բխող ազդեցությունները մասնավորապես գնաճի մասով (ԱՄՆ գնաճը կազմել է 8 տոկոս, Եվրամիությանը՝ 8,3 տոկոս, ՌԴ տարեկան գնաճը՝ 13,7 տոկոս)»,- ասաց ԿԲ նախագահի տեղակալը:
Ըստ Հովհաննես Խաչատրյանի՝ ստեղծած իրավիճակում ԿԲ-ն վարել է դրամավարկային պայմանների հետևողական խստացման քաղաքականություն՝ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը ընդհանուր առմամբ 3 տոկոսային կետով: