Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում 2022-ին գրանցվել է տնտեսական աճի դանդաղում, խոսքը Ռուսաստանի, ինչպես նաև Չինաստանի, եվրագոտու երկրների, ԱՄՆ-ի մասին է: Այդ մասին 2022 թվականի բյուջեի կատարողականի մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում ՌԴ-ից նկատվել է մարդկանց և կապիտալի մեծ ներհոսք, մենք կարողացել ենք դեպի ՌԴ արտահանումներն էականորեն ավելացնել»,- ասաց նախարարը:
Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ 2022-ին աճել է նաև զբոսաշրջիկների թիվը՝ հասնելով 1 միլիոն 666 հազար մարդու, որից 790 հազարը ՌԴ-ից է:
«Ուրախալի է նաև այն, որ մենք ունենք նաև ոչ Ռուսաստանից զբոսաշրջիկների թվի աճ: Եվ շատ մեծ՝ 2,9 անգամ, զուտ դրամական փոխանցումներն են աճել 2021-ին, որը պայմանավորված է ՌԴ-ից դրամական փոխանցումների՝ շուրջ 6,8 անգամ ավելացումով»,- ասաց նա:
Նախարարը նաև ներկայացրեց արդյունքը, այն է՝ եթե տարվա սկզբին թիրախավորել էին 7 տոկոս տնտեսական աճ, այնուհետև տարվա ընթացքում բյուջեն պլանավորելիս կանխատեսում էին 11 տոկոս տնտեսական աճ, փաստացի գրանցվել է 12,6 տոկոս տնտեսական աճ, որը բացարձակ թվով կազմել է 8 տրիլիոն 497 միլիարդ դրամ: