Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ Դավթյանը մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է հենացատկում՝ եզրափակչում հավաքելով 14,799 միավոր: Նա հանդես է եկել նաև նժույգթափերի և օղակների վարժությունների եզրափակչում ու զբաղեցրել է երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալների:
Նժույգթափեր վարժության եզրափակչում Դավթյանը՝ 14.223, իսկ օղակների վարժության եզրափակչում՝ 14.066 միավոր է հավաքել:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է օղակների վարժությունում՝ կանգնելով պատվո հարթակի առաջին աստիճանին: Եզրափակչում նա 14.700 միավոր է հավաքել և դարձել ոսկե մեդալակիր:
World Challenge Cup մրցաշարի հաջորդ փուլը կանցկացվի հունիսի 8-11-ը Խորվաթիայի Օսիջեկ քաղաքում:
Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին կմասնակցեն Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արթուր Թովմասյանը, Գագիկ Խաչիկյանը, ինչպես նաև Մանե Պողոսյանը:
Մարմնամարզիկները հանդես կգան մարզիչներ Հայկ Նազարյանի և Քնարիկ Բրսոյանի գլխավորությամբ: Հակոբ Սերոբյանը կլինի մրցավարական խմբում: