Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ։ Այս մասին տեղեկությունը 1lurer.am-ին հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանը։
«Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով երեկ՝ մայիսի 28-ին, դիմել ենք ՄԻԵԴ», - ասաց Սամվելյանը։
Հիշեցնենք` մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր: Մայիսի 27-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը:
ՔԿ-ից ավելի ուշ հայտնել էին, որ նախնական տվյալներով՝ հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանին և Կարեն Աշոտի Ղազարյանին: ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ: