ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են՝ ֆինանսների նախարար, Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդում ՀՀ ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը մայիսի 25-26-ը Մոնտենեգրոյի Տիվատ քաղաքում մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող հոլանդաբելգիական ընկերակցային խմբի հանդիպմանը:
Տեղի են ունեցել քննարկումներ ԱՄՀ-ի և ՀԲ-ի քաղաքականությունների առաջնահերթությունների ու ծրագրերի, ինչպես նաև եվրոպական և համաշխարհային տնտեսության այլ առանցքային հարցերի ու մարտահրավերների վերաբերյալ:
Ընկերակցային խմբի հանդիպման շրջանակներում ֆինանսների նախարարը հանդիպում է ունեցել նաև Համաշխարհային բանկի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի, ՀԲ տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող տնօրեն Կուն Դավիդսեի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի՝ Եվրոպայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան երկրների հարցերով փոխնախագահ Ալֆոնսո Գարսիա Մորայի հետ:
Առանձին հանդիպում է կայացել նաև Վրաստանի ֆինանսների նախարարության գործընկերների հետ, որի ընթացքում փոխհամաձայնեցվել են երկկողմ փոխգործակցության խորացման, փորձի փոխանակման ուղղությամբ միասնական քայլերը, այդ թվում և համատեղ համաժողովների և խորհրդակցությունների կազմակերպման միջոցով: