Հուլիսի 1-ից հանրապետության քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով:
Արմեն Մարգարյան (ՀՀ ԱՍՀՆ կենսաթոշակային ապահովության և դրամական վճարների վարչության նպաստների բաժնի պետ) - Բացառություն են կազմում միայն այն ընտանիքները, որտեղ կա առաջին խմբի հաշմանդամ, երկրորդ խմբի հաշմանդամ կամ 75-ն անց տարեց կենսաթոշակառու:
Անկանխիկ վճարումների անցման համար քաղաքացիները պետք է դիմեն տարածքային կենտրոններ և ընտրեն բանկը, որով ցանկանում են ստանալ գումարը:
Արմեն Մարգարյան - Մինչև հունիսի 30-ը այն ընտանիքները, որ չեն դիմել անկանխիկ վճարումների համար այս կամ այն բանկից, Կառավարության որոշմամբ ընդունված է, որ բանկի ընտրությունը նրանց փոխարեն ծրագրային ձևով կանի նախարարությունը:
Այս տարվա հունվարից արդեն անկանխիկի անցնելու հայտեր նախարարությունը ստանում է: Մինչև այդ նրանց թիվը կազմում էր ընդհանուր նպաստառու ընտանիքների շուրջ 5 տոկոսը: Սա այն դեպքում, երբ որևէ պարտադրանք չի եղել:
Արմեն Մարգարյան (ԱՍՀՆ կենսաթոշակային ապահովության և դրամական վճարների վարչության նպաստների բաժնի պետ) - Հուրախություն մեզ՝ արդեն իսկ նպաստառու ընտանիքների 45.5 տոկոսը դիմել է բանկեր և ընտրել՝ որից օգտվել:
Նպաստառու ընտանիքների թիվը մայիսի տվյալներով մոտ 77 հազար է:
Արմեն Մարգարյան - Մայիս ամսվա շուրջ 2.4 մլրդից 1 մլրդ ավելը արդեն իսկ ստանում են անկանխիկ եղանակով՝ բանկերով:
Դրական տեղաշարժը պայմանավորում են կենսաթոշակի և նպաստի հետվճարի 10-ը տոկոսով:
Արմեն Մարգարյան - Այն կենսաթոշակառուները, որոնք իրենց կենսաթոշակները, նպաստները ստանում են անկախիկ այն բանկերի հետ, որոնք միացած են քեշբեքի ծրագրին, օգտվում են նաև վերադարձից՝ 10 տոկոսի չափով: Մեր կարծիքով՝ սա էլ է օգնել, որ մարդիկ դիմեն և օգտվեն ծրագրից:
Ծրագրի երկրորդ փուլը նույն սկզբունքով կսկսվի հուլիսի մեկից՝ մինչև 1000 բնակիչ ունեցող բնակավայրերի շահառուների համար: Անկանխիկին անցումը բերել է նաև Պետական նպաստների մասին օրենքում մեկ այլ փոփոխության:
Արմեն Մարգարյան - Նախկինում կար մի այսպիսի դրույթ. 3 ամիս անընդմեջ նպաստ չստանալը դադարեցման հիմք էր: Բայց անկանխիկ վճարումների դեպքում այդ դրույթը չէր կարող գործել, քանի որ փոխանցումն արվում է բանկ, և քաղաքացու որոշումն է՝ ինչպես վարվել: Քանի որ հավասարության սկզբունք կա, կանխիկի դեպքում էլ այն վերացվեց:
Առաջին փուլով ակնկալում են, որ անկանխիկի հայտ կներկայացնի շուրջ 50 հազար ընտանիք: Երկրորդ փուլով՝ հուլիսի մեկից մինչև դեկտեմբերի 31-ը, անկանխիկին անցումը կամբողջանա: