ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ՝ ՄԱՅԻՍԻ 28-ԻՆ
Վաղը Թուրքիայում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլը: Լրատվամիջոցները գրում են, որ արդյունքները պարզ կլինեն քվեարկությունից արդեն մեկ ժամ անց: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանը և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն: Երեկոյան երկրում լռության օր կհայտարարվի, իսկ մինչ այդ թեկնածուները շարունակում են նախընտրական քարոզարշավը, այսօր նրանք ընտրություններից առաջ վերջին անգամ հանդես կգան ընտրողներին ուղղված ելույթներով:
Քըլըչդարօղլուն ավելի վաղ Ռեջեփ Էրդողանին հրավիրել էր հեռուստաբանավեճի, հայտարարել՝ պատրաստվում է ապացուցել, որ նախագահը գործակցում է ահաբեկիչների հետ: Սակայն Էրդողանը ծաղրել է Քըլըչդարօղլուի խոսքերը. «Ի՞նչ ես խոսելու դու ինձ հետ: Քըլըչդարօղլուն ո՛չ ձեռքբերումներ ունի, ո՛չ տեսլական: Մենք քննարկելու ոչինչ չունենք»:
Թուրքիայի նախագահի ընտրությունների առաջին փուլում, որն անցկացվել է մայիսի 14-ին, Էրդողանը ստացել է ձայների 49,52%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44,88%-ը։ Սինան Օղանն էլ, որը ձայների 5,17%-ով դուրս է մնացել ընտրապայքարից, իր կողմնակիցներին հորդորել է քվեարկել Էրդողանի օգտին:
ԶՈՒՐԱԲԻՇՎԻԼԻՆ ԱՄՈԹԱԼԻ Է ԱՆՎԱՆԵԼ ՌԴ ՀԵՏ ՉՎԵՐԹՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ
Վրաստանի նախագահը մեղադրել է կառավարությանը Արևմուտքի հետ հարաբերությունները վտանգելու և Ռուսաստանի հետ գործակցությունը խորացնելու համար։
«Վրաստանի արտաքին քաղաքականությունն անհասկանալի է դարձել: Եվրոպական կուրսն ամրագրված է սահմանադրության մեջ։ Սակայն մեր ամենօրյա հայտարարություններն ու գործողությունները հեռացնում են Թբիլիսին Եվրոպայից և տանում դեպի մեկուսացում»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Նա ամոթալի է անվանել Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերսկսումը, ինչպես նաև կոչ արել Կառավարությանը վերանայել վերջին մեկ տարվա ընթացքում Հանրապետություն տեղափոխված ռուսաստանցիների իրավունքները՝ հատկապես առողջապահության և կրթության ոլորտներում:
Վաշինգտոնը և ԵՄ-ն ևս դատապարտում են Ռուսաստանի հետ թռիչքները վերսկսելու՝ Թբիլիսիի որոշումը՝ զգուշացնելով՝ ռուսական ինքնաթիռները սպասարկող վրացական ընկերությունները կարող են պատժամիջոցների տակ հայտնվել: Մինչ այդ՝ Վրաստանի վարչապետը հայտարարել է՝ Թբիլիսին չի պատրաստվում շրջանցել Արևմուտքի հակառուսական պատժամիջոցները, իսկ ԵՄ-ն իրավունք չունի Վրաստանին իր կամքը թելադրել, քանի որ կառույցին Թբիլիսիի անդամակցությունը դեռ չի հաստատվել:
ԳԱԼՈՒԶԻՆԸ ՆՇԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Ուկրաինայում հնարավոր կլինի խաղաղության հասնել, եթե Կիևը հրաժարվի ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու գաղափարից և վերադառնա չեզոք ոչ բլոկային կարգավիճակին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Նա հավելել է՝ դա պայմաններից մեկն է:
«Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորման մասով Մոսկվայի մոտեցումներն անփոփոխ են՝ Դոնբասի բնակիչների պաշտպանություն, Ուկրաինայի դեմիլիտարիզացիա և դենացիֆիկացիա, այդ երկրի տարածքից Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող վտանգների վերացում», - մանրամասնել է պաշտոնյան:
Գալուզինը նշել է, որ խաղաղություն հնարավոր կլինի նաև, եթե Ուկրաինայի Զինված ուժերը դադարեցնի ռազմական գործողությունները, Արևմուտքն այլևս զենք չմատակարարի Կիևին, ինչպես նաև ճանաչվեն Ռուսաստանի նոր սուբյեկտները:
«Կարգավորման կարևոր տարր է ռուսալեզու քաղաքացիների և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը։ Ռուսերենի պետական կարգավիճակը պետք է ամրագրվի օրենսդրական մակարդակով»,- ասել է նա։
ՍԵՐԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ
Սերբիայի նախագահը Բելգրադում՝ խորհրդարանի շենքի առջև համազգային հանրահավաք է անցկացրել: Ալեքսանդար Վուչիչը հայտնել է, որ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կհրավիրի Կոսովոյի հյուսիսում իրավիճակի սրման կապակցությամբ: «Մենք ավելի բարդ և լուջ ճգնաժամի դեռ երբեք չէինք բախվել»,- մտահոգություն է հատնել նա: Վուչիչը նաև տեղեկացրել է՝ պատրաստվում է հեռանալ իշխող Սերբական առաջադիմական կուսակցության ղեկավարի պաշտոնից: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ անհրաժեշտ է քաղաքական նոր, ավելի գլոբալ շարժում ձևավորել։
Երեկ նախագահի հրամանով Սերբիայի զինված ուժերը բերվել էին մարտական պատրաստության վիճակի և ուղարկվել դեպի Կոսովոյի և Մետոխիայի հետ վարչական սահման: Վուչիչի հայտարարել է, որ Կոսովոյի հատուկ նշանակության ուժերը բռնություն են կիրառում Զվեջանի, Զուբին Պոտոկի և Լեպոսավիչի սերբ բնակչության նկատմամբ: Կոսովոյում լարվածությունը կտրուկ սրվել է , երբ Հյուսիսային Միտրովիցայում սերբ մեծամասնության բոյկոտի պայմաններում անցկացվել են ընտրություններ, և քաղաքապետ է ընտրվել ալբանացի Էրդեն Ատիչը: Կոսովոյի իրավապահների և սերբ ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել, վերջիններս բարիկադներ են կառուցել՝ պաշտպանելու վարչական շենքերը, որոնք, լրատվամիջոցների տվյալով, Կոսովոյի անվտանգության ուժերը փորձել են գրավել: