Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստում խոստացել է, որ Սերբիան վճռականորեն կպաշտպանի իր ժողովրդին Կոսովոյի իշխանությունների կողմից երկրամասի մունիցիպալիտետների շենքերը գրավելու փորձերի ֆոնին:
«Սերբիայի Հանրապետությունն ուժեղ և անսասան կլինի իր ժողովրդի պաշտպանության գործում»,- ընդգծել է Վուչիչը: Ավելի վաղ նախագահի հրամանով Սերբիայի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստության վիճակի։
Բացի դրանից՝ Վուչիչը հայտարարել է իշխող Սերբական առաջադիմական կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին և առաջարկել Հանրապետության պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչի թեկնածությունը:
«Նա բոլորից լավ գիտի, թե ինչ է կուսակցությունը։ Գիտեմ, թե ինչպես է նա սիրում Սերբական առաջադիմական կուսակցությանը: Շնորհակալություն այս 11 տարիների համար: Ես աշխարհի ամենահպարտ մարդն եմ այն պահից ի վեր, երբ գլխավորել եմ Սերբական առաջադիմական կուսակցությունը»,- ասել է Վուչիչը:
Կոսովոյում լարվածությունը կտրուկ սրվել է, երբ Հյուսիսային Միտրովիցայում սերբ մեծամասնության բոյկոտի պայմաններում անցկացվել են ընտրություններ, որոնց արդյունքով քաղաքապետ է ընտրվել ալբանացի Էրդեն Ատիչը: Կոսովոյի իրավապահների և սերբ ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել: