Բարձրագույն դատական խորհուրդը հանրային քննարկման է ներկայացրել «Վճռաբեկության կարգով դատական ակտերի բողոքարկման սահմանափակման և վճռաբեկ դատարանում պլենումի ստեղծման ու գործունեության ուղիների մասին» օրենքի նախագիծը: Նպատակն է բարելավել Վճռաբեկ դատարանի գործունեությունը: ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցի խոսքով՝ 2015-ի սահմանադրական փոփոխություններով Վճռաբեկ դատարանին տրվեց օրենքների և նորմատիվ ակտերի միասնական կիրառության ապահովման առաքելություն:
Վիճակագրությունն ու պրակտիկան, սակայն, ցույց են տալիս, որ վճռաբեկ դատարանն այս պահին ամբողջապես չի իրագործում այն:
Երանուհի Թումանյանց ՀՀ ԲԴԽ անդամ - Ուղղակի թոթափելու ենք վճռաբեկ գնացող բողոքների շեմը տարբեր մեթոդներով, այդ թվում` քաղաքացիական դատավարության, վարչական դատավարության, քրեական դատավարության օրենսգրքի որոշ նորմերի մասով, մասնավորապես, օրինակ` քաղաքացիական դատավարությունով առաջարկվում է, որ վճռաբեկության կարգով այլևս բողոքարկման ենթակա չլինեն պարզեցված, արագացված վարույթները, վճարման կարգադրությունները: Այնպիսի վարույթներ են, որոնք, եթե անգամ հասնում են վճռաբեկ, կամ մերժվում են, կամ չեն քննվում:
Բարձրագույն դատական խորհուրդն ուսումնասիրել է միջազգային փորձն ու Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի մոտեցումները, որոնց համաձայն` վարչական գործերով սահմանափակված է ոչ միայն վճռաբեկության, այլև վերաքննության կարգով վերանայումը: Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը կարևոր է համարում դատական բարձրագույն ատյանի նախադեպային որոշումներով արտահայտված դիրքորոշումը, որով ըստ էության ընթանոմ է դատական ամբողջ պրակտիկան:
Հովիկ Շահնազարյան (Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր) - Սա անհրաժեշտ է, պահանջարկ կա դատավորների կողմից նման նախաձեռնության: Պլենումի միջոցով հնարավորություն կունենանք ապահովելու միատեսակ դատական պրակտիկա` դատարանների նախագահների դիմումների հիման վրա, Վճռաբեկկը կտա հարցերի պատասխանները, որոնք սպասում են քաղաքացիները, դատավորները: Տարիների ընթացքը կկրճատենք 1 դիմումով և դրա վերաբերյալ պլենումի պարզաբանմամբ: Հասկանալի կլինի` տվյալ նորմի վերաբերյալ ինչպիսի վարքագիծ դրսևորել:
2022-ի տվյալով՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ է ներկայացվել 4 155 բողոք, որից 722-ը չի քննարկվել: Բողոքներից 213-ը վերադարձվել է, 783-ը չի քննվել, մոտ 50 տոկոսի` 1749 բողոքի ընդունումը մերժվել է: Վարույթ է ընդունվել 688 բողոք, այսինքն` ստացված բողոքների 16,5 տոկոսը կամ քննարկված բողոքների 20 տոկոսը: Քրեական գործերով վարույթ է ընդունվում ընդամենը 6.7 տոկոսը: Վարչական դատարանում գրավոր ընթացակարգով քննվող ճանապարհային ոստիկանության ոչ մեծ տուգանքներին առնչվող գործերը, քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ոչ մեծ, միջին ծանրության հանցագործությունների գործերը վճռաբեկ չեն բողոքարկվի:
Հանրային քննարկումը հնարավորություն կտա լսել դատական համակարգի ներկայացուցիչների կարծքիներն ու առաջարկները՝ նախագիծն ամբողջացնելու համար: