Պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ից՝ ժամը 19:00-ից որոնվող՝ ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:
Մայիսի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն էին տարածել, թե, իբր, հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներ:
«Կրկին հայտնում ենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ և ապատեղեկատվություն է. հայկական կողմն ունի բավարար ապացույցներ այն հերքելու համար, որոնք կներկայացվեն միջազգային գործընկերներին:
Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ:
Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք»,- ասված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ: