Գինիների համտեսի եվրոպական ամենամեծ մրցույթում 17 մեդալ նվաճած հայկական գինիներից մեկն է: Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանը մասնակցում է տարբեր միջազգային մրցույթների՝ նվաճելով մրցանակներ և ճանաչում բերելով հայկական գինեգործությանը: Այս անգամ հաղթողներին ընտրել են 56 երկրից 320 փորձագետ:
Զարուհի Մուրադյան (Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն) - Այս տարի 27 գինեգործական ընկերության 61 տեսակի գինիներ ևս ներկայացվեցին Concours Mondial de Bruxelles մրցույթին, որը հնարավորություն է ընձեռում շահած գինիներին առաջ մղել այդ շուկաներում:
Մրցույթում մեդալ ստացած գինեգործ Վահագն Գևորգյանի խոսքով՝ միջազգային շուկայում մեծ ուշադրություն են դարձնում, թե ի՞նչ մրցույթների է մասնակցել առաջարկվող գինին և ի՞նչ մրցանակների է արժանացել։ Ըստ դրա՝ ավելանում են պատվերները։
Վահագն Գևորգյան (գինեգործ) - Դա մեզ հնարավորություն կտա, որ մեր վաճառքները շատացնենք: Այսինքն՝ էն խնդիրը, որ մենք նոր շուկա ձեռք բերենք և մտնենք նոր երկիր, մենք արդեն էդ խնդիրը լուծել ենք, մնում է մյուս խնդիրը, որ վաճառքների քանակը շատանա: Այսինքն՝ բարձրորակ ռեստորանները, հյուրանոցները կսկսեն ավելի շատ մեր գինին ձեռք բերել:
Ըստ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրենի՝ միջազգային հարթակում մրցանակ շահած գինին ճանաչում է բերում ոչ միայն բրենդին, այլև երկրին: Նրա խոսքով՝ մրցույթում շատերն են հետաքրքրված եղել հայկական գինիներով՝ մատնանշելով որակն ու առանձնահատկությունը։ Շատերն էլ Հայաստանի մասին տեղեկացել են մրցույթի շնորհիվ։
Զարուհի Մուրադյան - Մեզ համար շատ կարևոր է, որ մենք միասնական ներկայացնենք հայկական գինին և ոչ միայն առանձին ընկերություններով, այլև որպես ոլորտ: Եվ այս առումով նմանատիպ միջոցառումները մեզ համար շատ կարևոր են. ներկայացնել առաջին հերթին երկիրը՝ որպես գինեգործական, և այս որակյալ գինիների շնորհիվ կարողանանք բարձրացնել հայկական գինու ճանաչելիությունը միջազգային շուկայում:
Զարուհի Մուրադյանի խոսքով՝ Հայաստանը ևս մրցույթը հյուրընկալելու հայտ է ներկայացրել, ինչը հնարավորություն կընձեռի միջազգային բարձր համբավ ունեցող մասնագետներին հրավիրել մեր երկիր և ցույց տալ Հայաստանի գինեգործական հնարավորություններն ու գրավչությունը:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան