Կոտայքի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կան տուժածներ, որոնք տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
«Տուժածներից չորսին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները տեղափոխել են կլինիկայի վերակենդանացման բաժանմունք։
Վիրավորներից երեքի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Վիրավորների մոտ առկա են գանգուղեղային վնասվածքներ, կրծքավանդակի և որովայնի սալջարդեր, մեկն ունի նաև վերջույթների կոտրվածքներ։
Բոլոր երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում`բժիշկների հսկողության տակ»,- ասված է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին՝ Արտաշատից Գառնի տանող ճանապարհի 14-րդ կիլոմետրի հատվածում, դեպի Գառնի գնացող ուղեմասում, միմյանց են բախվել Գառնի գյուղի 42-ամյա բնակչի վարած «Վոլցվագեն Այդի 4» մակնիշի ավտոմեքենան և Վերին Արտաշատի բնակավայրի 38-ամյա բնակչի վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով «Վազ 2106»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի 6 ուղևորները, որոնց թվում 5-ը՝ երեխաներ, ինչպես նաև մյուս ավտոմեքենայի վարորդը, մարմնական տարբեր աստճանի վնասվածքներով տեղափոխվել են Երևան քաղաքի բժշկական հաստատություններ։
Ըստ նախնական տվյալների՝ «Վազ 2106» ավտոմեքենայով ըմբշամարտի 2 մարզիչները երեխաների հետ մեկնելիս են եղել Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով։