Ուկրաինայում հնարավոր կլինի խաղաղության հասնել, եթե Կիևը հրաժարվի ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու գաղափարից և վերադառնա չեզոք ոչ բլոկային կարգավիճակին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, հավելել՝ դա պայմաններից մեկն է:
«Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորման մասով Մոսկվայի մոտեցումներն անփոփոխ են՝ Դոնբասի բնակիչների պաշտպանություն, Ուկրաինայի ապամիլիտարացում և ապանացիֆիկացում, այդ երկրի տարածքից Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող վտանգների վերացում»,- մանրամասնել է պաշտոնյան:
Գալուզինը նշել է, որ խաղաղություն հնարավոր կլինի նաև, եթե Ուկրաինայի Զինված ուժերը դադարեցնի ռազմական գործողությունները, Արևմուտքն այլևս զենք չմատակարարի Կիևին, ինչպես նաև ճանաչվեն Ռուսաստանի նոր սուբյեկտները:
«Կարգավորման կարևոր տարր է ռուսալեզու քաղաքացիների և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը։ Ռուսերենի պետական կարգավիճակը պետք է ամրագրվի օրենսդրական մակարդակով»,- ասել է նա։