Թուրքիայում ընտրական գործընթացները շարունակվում են: Մայիսի 14-ին նախագահի թեկնածուներից որևէ մեկին չհաջողվեց ստանալ ձայների մեծամասնությունը: Խորհրդարանում Էրդողանի գլխավորած դաշինքը ունի մեծամասնություն, թեև նրա ստացած քվեների թիվը 7 տոկոսով զիջում է նախորդ ընտրության արդյունքը: Հաշվի առնելով նոր խորհրդարանի կազմը և այնտեղ հայտնված իշխանամետ և ընդդիմադիր ազգայնական կուսակցությունների մեծ թիվը՝ արդեն այսօր փորձագետներն արձանագրում են, որ Թուրքիայի այս գումարման խորհրդարանը ամենաազգայնականն է վերջին մի քանի տասնամյակում:
Այժմ բոլորի ուշադրությունը սևեռված է շարունակվող նախագահական ընտրապայքարի վրա. ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա մի քանի օրից՝ մայիսի 28-ին: Ակադեմիկոս Մուսթաֆա Այդընը, անկախ քվեարկության արդյունքից, Թուրքիայում քաղաքական փոփոխություններ է կանխատեսում։
Մուսթաֆա Այդըն (քաղաքագետ, միջազգային հարաբերությունների մասնագետ) - Ընդդիմության հաղթանակի դեպքում լուրջ փոփոխությունների կանխատեսումներ կան հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում: Հռետորաբանության, ոճի, մեթոդների փոփոխություն է ակնկալվում։
Ըստ Այդընի՝ ընդդիմության առաջնորդ Քըլըչդարօղլուի հաղթանակը նպաստավոր պայմաններ կստեղծի նաև օրենքի գերակայության, ժողովրդավարության, և մարդու իրավունքների ապահովման համար:
Մուսթաֆա Այդըն - Սա, իհարկե, կարտահայտվի նաև Թուրքիայի ազգային փոքրամասնությունների դեպքում: Ընդհանուր առմամբ երկրում ավելի խաղաղ մթնոլորտ կձևավորվի։
Այդընը համոզված է՝ Թուրքիայի գործող նախագահի հնարավոր հաղթանակը նույնպես դեռ չի նշանակում, որ ներկայիս քաղաքականությունը կշարունակվի: Նա Ռեջեփ Էրդողանի անցած քաղաքական ճանապարհը բաժանում է երեք փուլի. «լիբերալ Էրդողան», որ կարևորում էր Եվրամիության, հարևան երկրների հետ հարաբերությունները, դրան հաջորդեց «քաղաքական իսլամի ջատագով Էրդողանի» շրջանը, երբ վերջինս կենտրոնացած էր Մերձավոր Արևելքի վրա, և սկսեց ավելի պահպանողական քաղաքականություն վարել։ Վերջին փուլը նա բնորոշում է որպես «ազգայնական Էրդողանի» շրջան, որի ընթացքում նա ավելի կոշտ արտաքին քաղաքականություն է վարում՝ հիմնականում հիմվելով ռազմական ուժի վրա։
Մուսթաֆա Այդըն - Ներկայումս ավելի պահպանողական և ազգայնական խորհրդարան է ձևավորվել։ Հետևաբար, հաջորդ նախագահից նմանատիպ քաղաքականության պահանջ է լինելու։ Էրդողանի գլխավորած դաշինքում ձայների բաշխումը փոխվել է՝ հօգուտ ազգայնական կուսակցությունների, լիբերալ թևը թուլացել է։ Այդ իսկ պատճառով նրա հաղթանակի դեպքում ավելի կոշտ և պահպանողական քաղաքականություն կարելի է ակնկալել, այդ թվում արտաքին քաղաքականության ոլորտում:
Այդընի կանխատեսումների համաձայն՝ Էրդողանը վերընտրվելու դեպքում կշարունակի հարևան Հայաստանի և Հունաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Մուսթաֆա Այդըն - Հայաստանի հետ հարաբերությունների հարցում Ադրբեջանի հարցը կա, որը չի կարելի անտեսել։ Էրդողանի դիրքորոշումն այս հարցում շատ ակնհայտ է. առանց Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում հստակություն ձեռք բերելու` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում ակնկալել պետք չէ։ Այդ իսկ պատճառով գործընթացը դանդաղ է ընթանում։
Քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության պատգամավոր հայազգի Գարո Փայլանը, որը խորհրդարանի ընտրությանը չէր առաջադրվել, նոր գումարման խորհրդարանում ազգայնական ուժերի գերակշռությունը փոքրամասնությունների տեսանկյունից վտանգավոր է համարում։ Նրա կարծիքով՝ դա դրական չի անդրադառնա նաև Թուրքիա - Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։
Գարո Փայլան (Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր) - Հիմա կարծեմ այս շրջանում ամեն ինչ ավելի դժվար է լինելու։ Եվ կարծեմ հայերն ավելի անձայն են լինելու։ Ես անձայն չեմ մնա, բայց հիմա վտանգի տակ եմ լինելու։ Այդպես եմ կարծում։ Ամեն տեսակ խնդիր կարող եմ ունենալ։ Այս տեսակ ազգայնական շրջանները ոճիրներով են վերջանում։ Սրա համար, անշուշտ, մտահոգ եմ։
Թուրքիայում նախագահի ընտրության երկրորդ փուլի նախընտրական կրքերը որևէ բանով չեն զիջում առաջին փուլի պայքարին: Իսկ սոցհարցումները, ինչպես մայիսի 14-ից առաջ, միանշանակ առաջատար չեն առանձնացնում:
Հեղինակ` Վարդուհի Բալյան