Սուրեն Լազյան (Երևանի ոսկերչական գործարանի անվտանգության պետ) - Երևանի ոսկերչական գործարանի տարածքն է սա, համատեղ երկու գործարան է՝ և՛ սեփական է՝ Էմիլ Գուրգենիչ է կոչվում, մեկն էլ պետական գործարանն է:
Անվտանգության աշխատակիցը շենք մուտք գործել մեզ չթույլատրեց: 80 տոկոս պետական բաժնեմասով Երևանի ոսկերչական գործարանի տնօրեն Էդգար Խաչատրյանը հեռախոսով ասաց՝ վերջին օրերին տեղի ունեցած դեպքի պատճառով են արգելում մուտքը: Մասնավոր՝ «Գնոմոն» ընկերության անվտանգության պատասխանատուները նշեցին, որ շենքի՝ իրենց պատկանող հատվածը իրավապահները կապարակնքել են՝ մոտենալ չենք կարող: Գործարանի մի հատվածը Կառավարության որոշմամբ 2000-ին մասնավորեցվել է, կառավարումը ստանձնել է Էմիլ Գրիգորյանը:
Արմեն Օսեյան (ՀՀ ԳԴ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ) - 2001 թվականին Երևանի ոսկերչական գործարան «Գնոմոն» ԲԲԸ այն ժամանակվա տնօրենը Երևանի ոսկերչական գործարանի 80 տոկոս բաժնեմասով ԲԲԸ 1 մլրդ 92 մլն դրամ դեբիտորական պարտքը չվճարելու դիտավորությամբ, դրդել է պետական բաժնեմասով ընկերության տնօրենին՝ անցնելու լիազորությունները:
Արմեն Օսեյանի խոսքով՝ կնքվել են ակտ-համաձայնագրեր, որոնց հիման վրա երկարաձգվել է դեբիտորական պարտքի վճարումը, և պաշտոնատար անձը որևէ միջոց չի ձեռնարկել այն հետագայում վերադարձնելու ուղղությամբ: 2017-ին գործարանի տնօրեն Գագիկ Կաֆյանին փոխարինած Անդրանիկ Ադամյանը հայց է ներկայացրել դատարան՝ «Գնոմոն» ընկերությունից պահանջել վերադարձնել 1 մլրդ 92 միլիոն պարտքը և անվավեր ճանաչել ակտ-համաձայնագրերը:
Արմեն Օսեյան - Նշված ժամանակահատվածի տնօրենն իր ծառայության նկատմամբ անբարեխիղճ, անփույթ վերաբերմունք ցուցաբերելով՝ դատարանին չի ներկայացրել 2 ընկերության միջև քաղաքացիաիրավական հարաբերությունների փաթեթը, ինչի արդյունքում հայցը մերժվել է, վերաքննիչ բողոքը մերժվել է, Վճռաբեկը բողոքը վարույթ չի ընդունվել:
Դրա հետևանքով, ըստ դատախազի, պետական բաժնեմասով ընկերությունը ոչ միայն զրկվել է 1 մլրդ 92 մլն դրամ դեբիտորական պարտքը ստանալու հնարավորությունից, այլև ստանձնել է մոտ 56 մլն դրամ պետական տուրք վճարելու պարտավորություն: Մեղադրանքներ են ներկայացվել պետական բաժնեմասով ընկերության նախկին տնօրեններ Գագիկ Կաֆյանին, Անդրանիկ Ադամյանին և «Գնոմոն» ընկերության նախկին տնօրեն Էմիլ Գրիգորյանին՝ պաշտոնեական լիազորությունները անցնելու, անցմանը դրդելու, պաշտոնեական անփութությամբ ծանր հետևանքներ առաջացնելու համար: Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կալանք է դրվել ինչպես մեղադրյալների, այնպես էլ «Գնոմոն» ընկերության շարժական և անշարժ գույքերի, այդ թվում՝ Արշակունյաց պողոտայի անշարժ գույքի վրա:
Արմեն Օսեյան - Բավարար փաստական ապացույցները քննիչը գնահատելով համակցության մեջ՝ կազմել է մեղադրական եզրակացություն, մայիսի 15-ին քրեական վարույթի նյութերը հանձնվել են հսկող դատախազին: Հսկող դատախազի կողմից կազմվել է մեղադրանքը հաստատելու որոշում, և վարույթի նյութերը հանձնվել են դատարան՝ ըստ էության քննելու:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Էմիլ Գրիգորյանը մահացել է: Նրա պաշտպան Արմեն Թևանյանն ասաց՝ չեն ընդունում մեղադրանքը:
Արմեն Թևանյան (Էմիլ Գրիգորյանի պաշտպան) - Կա Վճռաբեկ դատարանի որոշում, որի համաձայն՝ Ոսկերչական գործարանի և «Գնոմոնի» միջև պարտք-պահանջ չկա, պայմանագիր չկա, թուղթ չկա:
Պետական բաժնետոմսով ընկերության նախկին տնօրեն Անդրանիկ Ադամյանը չցանկացավ մեկնաբանություն տալ, նախկին մյուս տնօրեն Գագիկ Կաֆյանի պաշտպանն անհիմն համարեց մեղադրանքը:
Արմեն Անդրիկյան (Գագիկ Կաֆյանի պաշտպան) - Մեղադրանքը չենք ընդունում: Մի դեպքում հիմքում դրվել է, որ պարոն Կաֆյանը չպետք է կնքեր համաձյանագիրը, բայց դրա հիման վրա է պարտավորությունը իրավական հիմք ձևավորել, և 2-րդը մեղադրում են, որ միջոցներ չի ձեռնարկել դատարան դիմելու, բայց այդ ժամանակ չի պաշտոնավարել: Կյանքը ցույց տվեց, որ դատարան դիմելու հետևանքով կիրառվեց վաղեմություն, պարտավորությունը չկատարվեց:
80 տոկոս բաժնեմասի կառավարումը 2015-ին անցել է Պետգույքի կառավարման վարչությանը, ապա՝ կոմիտեին. ոչ պետական 20 տոկոսը պատկանում է մոտ 1 450 բաժնետերերի: