1 տրլն 788 մլրդ դրամ: Այս տարվա հունվար-մարտի Հայաստանի համախառն ներքին արդյունքն է: Վիճակագրական կոմիտեի տվյալով՝ աՃը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 12.1 տոկոս է: Ամենամեծ կշիռն առևտրին է բաժին ընկնում, հաջորդում են անշարժ գույքի և մշակող արդյունաբերության ոլորտները:
Սերգեյ Բագրատյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ամենակարևորը՝ դրա մեջ 60.5 տոկոս ՏՏ ոլորտն է աճել, որը կազմում է 6.7 տոկոս ՀՆԱ-ում, բայց դրա ուղիղ աճը 60 տոկոսից ավելի է: Այսինքն՝ ՏՏ ոլորտի այս աստիճան ներկայությունը մեր կառուցվածքը սկսում է փոխել: Այսինքն՝ գիտելիքահեն տնտեսությունը, էն գաղափարը, որ մենք անընդհատ փորձում ենք կյանքի կոչել, իրականության մեջ մարմին է ստանում: Դրան գումարած՝ նաև մշակող արդյունաբերությունը, որը ևս խիստ կարևոր է, այս պահին ՀՆԱ-ում 9.6 տոկոս է կազմում, այսինքն՝ մոտենում ենք 10 տոկոսին:
Մասնագետների կարծիքով, եթե ներկայիս ՀՆԱ-ի կառուցվածքը համեմատենք, օրինակ, 2018-ի առաջին եռամսյակի հետ, տեսանելի կլինեն թե՛ որակական, թե՛ կառուցվածքային և թե՛ ծավալային փոփոխություններ:
Սոս Խաչիկյան (ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ) - Հատուկ ցանկանում եմ շեշտել 2 առանձնահատկություն, նախ՝ վերջին 1-1.5 տարվա ընթացքում այն, ինչ-որ ավանդական եղել է, դա կա, այսինքն՝ հանրային սնունդ, շինարարություն, մանրածախ առևտուր և այլն, դա պահպանվել է, շատ լավ է, որ տենդենցը կա: Բայց հատկապես ցանկանում եմ շեշտադրում կատարել, որ ես առաջին անգամ եմ նկատում, որ ունենք շեշտակի աճ գիտության և տեխնոլոգիաների գծով, դրանց մշակումների գծով աճ է նկատվում:
ՀՆԱ-ի մեջ անկում արձանագրած ճյուղերից է հանքարդյունաբերությունը, ինչն ըստ Սոս Խաչիկյանի՝ փաստում է, որ տնտեսությունն այլևս հիմնված չէ միայն այդ ոլորտի վրա: Տնտեսագետն անդրադառնում է նաև ՀՆԱ-ի աճի վրա կապիտալի ներհոսքի ազդեցությանը:
Սոս Խաչիկյան - Բավականին երկար ժամանակ քննարկումներ կային, որ Հայաստան մեծ չափով կապիտալ է մտնում, և այդ կապիտալը չի տեղայնացվում Հայաստանում կամ չի ներգրավվում բիզնեսի կողմից: Մենք արդեն կարող ենք արձանագրել, որ աստիճանաբար դրա դրսևորումները կան, և կապիտալը, այսպես ասած, կլանվում է մեր տնտեսության կողմից՝ լինի դա արդյունաբերության ոլորտի կապիտալ, ՏՏ ոլորտի, հեռահաղորդակցության ոլորտի, արդեն նկատվում են այն առաջին, այսպես ասած, ցուցանիշները, որի շրջանակներում կարելի է արձանագրել, որ այդ կապիտալը մեծ ազդեցություն է ունենում մեր տնտեսության վրա:
ՀՆԱ-ի այս տեմպերն, ըստ Սերգեյ Բագրատյանի, հնարավոր է պահել նաև տարվա ընթացքում, բիզնեսն առաջիկա ամիսներին, սեզոնայնությամբ պայմանավորված, ավելի կակտիվանա:
Սերգեյ Բագրատյան - Դրամական արտահայտությունը ցույց է տալիս մեր ներուժը և դրա 23 տոկոսը՝ մինչև 25 տոկոս հասնելու ակնկալիքով, մենք հարկերն ենք հավաքում: Այսինքն՝ ինչքան մենք ՀՆԱ-ն ավելացնում ենք, բնականաբար, նաև հարկերի մուտքերն են ավելանում պետբյուջե:
2023 թ. առաջին եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 600 հազար 240 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն 501 հազար 211 դրամ էր:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան