Վրաստանի նախագահը մեղադրել է կառավարությանը Արևմուտքի հետ հարաբերությունները վտանգելու և Ռուսաստանի հետ գործակցությունը խորացնելու համար։
«Վրաստանի արտաքին քաղաքականությունն անհասկանալի է դարձել: Եվրոպական կուրսն ամրագրված է սահմանադրության մեջ, սակայն մեր ամենօրյա հայտարարություններն ու գործողությունները հեռացնում են Թբիլիսին Եվրոպայից և տանում դեպի մեկուսացում»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Նա ամոթալի է անվանել Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերսկսումը, ինչպես նաև կոչ արել Կառավարությանը՝ վերանայել վերջին մեկ տարվա ընթացքում Հանրապետություն տեղափոխված ռուսաստանցիների իրավունքները՝ հատկապես առողջապահության և կրթության ոլորտներում:
Վաշինգտոնը և ԵՄ-ն ևս դատապարտում են Ռուսաստանի հետ թռիչքները վերսկսելու Թբիլիսիի որոշումը՝ զգուշացնելով, որ ռուսական ինքնաթիռները սպասարկող վրացական ընկերությունները կարող են պատժամիջոցների տակ հայտնվել: Վրաստանի վարչապետն էլ հայտարարել է, որ Թբիլիսին չի պատրաստվում շրջանցել Արևմուտքի հակառուսական պատժամիջոցները, իսկ ԵՄ-ն իրավունք չունի Վրաստանին իր կամքը թելադրել, քանի որ կառույցին Թբիլիսիի անդամակցությունը դեռ չի հաստատվել: