ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔՎԻ. ՊԵՍԿՈՎ
Առկա զարգացումները հույս են ներշնչում, որ մոտ ապագայում Հայաստանը և Ադրբեջանը կարող են խաղաղության պայմանագիր կնքել՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով երեկ Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ առաջիկայում Մոսկվայում կհանդիպեն նաև երեք երկրի փոխվարչապետները:
Դմիտրի Պեսկով (ՌԴ նախագահի խոսնակ) - Նրանք կհանդիպեն հաջորդ շաբաթ Մոսկվայում՝ քննարկելու կողմերի միջև առկա խնդիրները։ Բոլոր հարցերը վերջնականացնելու խնդիր դրված չէ, քանի որ գլխավոր նպատակն արդյունքն է, և ժամանակի հետևից ոչ ոք ընկած չէ: Այնպես որ, հիմա դժվար թե որևէ մեկը կարողանա կանխատեսել խաղաղության պայմանագրի ստորագրման հստակ ամսաթիվը: Չնայած երեկ էլ ասվեց, որ հանգամանքները մեծապես փոխվել են, և այդ փոփոխված հանգամանքները թույլ են տալիս մտածել, որ տեսանելի ապագայում հնարավոր կլինի հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը:
Կրեմլի խոսնակը հավելել է՝ կարևոր է, որ կա ընդհանուր տեսակետ, կա պետությունների ղեկավարների փոխըմբռնումը, թե ինչպես լուծել առկա խնդիրները. «Հետևաբար, աշխատանքային մակարդակում այլևս չպետք է արհեստական խոչընդոտներ ստեղծվեն»,- եզրափակել է Պեսկովը:
ՄԻԼԼԵՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՌԱԿՈՂՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ բանակցությունները մեկնաբանել է նաև ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը: «ԱՄՆ-ը ներկայացված չէր Մոսկվայում կայացած հանդիպմանը, սակայն այս թեման մեզ համար մնում է առաջնահերթություն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Մեթյու Միլլերը։
Մեթյու Միլլեր (ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ) - Պետքարտուղարը մի քանի շաբաթ առաջ Վաշինգտոնում ընդունեց կողմերին և կշարունակի ներգրավված մնալ։ Դրանից հետո քննարկումներ անցկացվեցին Բրյուսելում: Մենք աջակցում ենք բանակցությունների շարունակմանը։ Ավելի վաղ ասել ենք՝ հավատացած ենք, որ համաձայնությունը շատ մոտ է: Մենք կարծում ենք, որ կողմերը պետք է միասին աշխատեն՝ չլուծված հարցերի շուրջ համաձայնության հասնելու համար:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԱՅՏՆԵԼ Է ՆՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ուկրաինական կողմը հաղորդում է՝ ռուսական ուժերը կրկին հրթիռային հարվածներ են հասցրել երկրի տարածքին:
«Այս անգամ հակառակորդը թիրախավորել է արևելյան ուղղությունը՝ հարձակվելով Ուկրաինայի բանակի կարևոր օբյեկտների վրա»,- ասված է ԶՈՒ հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ արձակվել են տասնյակ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր: Ուկրաինական կողմի տվյալով՝ Կիևի ուղղությամբ գրոհները հետ են մղվել: Հիմնականում տուժել են Խարկովը և Դնեպրոպետրովսկը։ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ շրջանային հիվանդանոցին և բնակելի շենքերին հարվածների հետևանքով Դնեպրում խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ:
ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ. ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ՀՕՊ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Ռուսական կողմն էլ հայտնում է վաղ առավոտյան Կրասնոդարում պայթյունների մասին: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրամասում գործարկվել է հակաօդային պաշտպանության համակարգը: Մորսկայա փողոցում բնակելի շենքեր են վնասվել: Կրասնոդարի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը տեղեկացրել է, որ միջադեպի պատճառը երկու անօդաչու թռչող սարքի կործանումն է։ Նրա խոսքով՝ զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան:
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն էլ հայտարարել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը 200 արձակում է իրականացրել շրջանի ուղղությամբ: Նրա խոսքով՝ տուժել են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ:
ԵՎՐԱՍԻԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՉԺՀ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԵԿՆԵԼ Է ՌԴ
Եվրասիայի հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը մեկնել է Ռուսաստան՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ռուս-ուկրաինական ճգնաժամի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու։ Ավելի վաղ չինացի էմիսարը հանդիպումներ է անցկացրել նաև Ուկրաինայում, Գերմանիայում, Լեհաստանում և Ֆրանսիայում։
ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն նշել է, որ Լի Հուեյի պաշտոնական այցերի նպատակն է ներկայացնել Ուկրաինայում քաղաքական կարգավորման վերաբերյալ չինական առաջարկները և լսել պետական այրերի կարծիքներն ու մեկնաբանությունները։ Նրա խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ Չինաստանի հատուկ ներկայացուցիչը Մոսկվայում կկիսի Կիև և Եվրոպա այցերի տպավորությունները։