Georgian Airways-ը հայտարարել է, թե չի վախենում Վրաստանի արևմտյան գործընկերների պատժամիջոցներից: Վրաստանի ընդդիմությունը քննադատել է ավիաընկերությանը՝ Մոսկվայից Թբիլիսիով եվրոպական երկրներ տարանցիկ թռիչքներ կազմակերպելու համար։ Իսկ ԱՄՆ պետքարտուղարությունն ավելի վաղ Վրաստանի իշխանություններին սպառնացել էր պատժամիջոցներով՝ Ռուսաստանից ինքնաթիռներ ընդունելու համաձայնության համար։
«Տարածաշրջանի իրական տարանցիկ հանգույցը Թուրքիան է՝ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը, որտեղից իրականացվում է օրական 40 չվերթ դեպի Ռուսաստան և տարանցիկ երթևեկության 70%-ը։ Մեր երկիրը մեծ դերակատարում չի կարող ունենալ, մեր մասնաբաժինը հարյուրերորդական տոկոսից էլ պակաս է լինելու»,- նշել են Georgian Airways-ի մամուլի ծառայությունում։
Եթե Վրաստանի դեմ պատժամիջոցներ կիրառվեն, ապա պետք է պատժվեն նաև Թուրքիան, Իսրայելը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հայաստանը, Ադրբեջանը և այլ երկրներ, նշել է ավիաընկերության ղեկավարությունը։
Մայիսի 19-ին՝ չորս տարվա ընդմիջումից հետո, վերսկսվել են ուղիղ չվերթերը Մոսկվայի և Թբիլիսիի միջև։ Թռիչքի թույլտվություն են ստացել ռուսական Azimuth, Red Wings ընկերությունները և վրացական Georgian Airways-ը։