ՌԴ-Ն ԱՄԵՆ ԿԵՐՊ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀՀ-ԱԴՐԲԵՋԱՆ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ. ԳԱԼՈՒԶԻՆ
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա, РИА Новости գործակալության հետ զրույցում այսօր նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական և հայկական կողմերն իրենք պետք է որոշեն՝ որն է բխում իրենց հիմնարար շահերից, և ինչպես են իրենք մտադիր ապահովել կայուն խաղաղությունը։
Պատասխանելով կողմերի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին հարցին՝ Գալուզինը հատարարել է. «հաշվի առնելով այս հարցերի ծայրահեղ զգայունությունը՝ մենք չենք կարող մեկնաբանել բանակցությունների ընթացքը, որպեսզի չխոչընդոտենք առաջընթացին»։
Դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ Ռուսաստանի փոխարտգործնախարարի խոսքով՝ պաշտոնական Մոսկվան աջակցում է կողմերի միջև շփման կետեր գտնելուն օժանդակելու, փոխադարձաբար ընդունելի ձևակերպումներ և փոխզիջումներ գտնելու հարցում։
ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ԱՄԵՆ ԿԵՐՊ ՓՈՐՁՈՒՄ Է ՄԻՋԱՄՏԵԼ ԼՂ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ. ՇՈՅԳՈՒ
Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և վարկաբեկել ռուսական խաղաղապահ առաքելությունը, Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում նման կարծիք է հայտնել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Այժմ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովմանն աջակցում է ռուսական խաղաղապահ զորախումբը: Այնուամենայնիվ, Արևմուտքը փորձում է ամեն կերպ միջամտել իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը»,- ասել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ Արևմուտքի համար գլխավորը «Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է, այլ ոչ թե երկարաժամկետ հեռանկարում ապահովել տարածաշրջանի անվտանգությունն ու բարգավաճումը»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ Մոսկվան անհրաժեշտ է համարում շարունակել աշխատանքը ՀԱՊԿ առաքելություն տարածաշրջան ուղարկելու ուղղությամբ:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԱԿԱՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՍԿՍԵԼ Է ՄԻ ՔԱՆԻ ՕՐ ԱՌԱՋ. ՊՈԴՈԼՅԱԿ
Ուկրաինան որևէ մասնակցություն չունի Բելգորոդում տեղի ունեցածի հետ, հայտարարել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայլո Պոդոլյակը՝ հավելելով՝ Մոսկվան ի վիճակի չէ վերահսկել իր լայնածավալ ներխուժման հետևանքները։ Լրագրողի հարցին՝ արդյոք Կիևը պատրաստվում է հակահարձակման, Պոդոլյակը նշել է.
«Հակահարձակումն արդեն մի քանի օր է` շարունակվում է: Դա ինտենսիվ պատերազմ է սահմանի 1500 կմ երկայնքով. գործողությունները սկսված են»։
Ուկրաինայի նախագահի խորհրդականը հայտարարել է, որ Բախմուտն այլևս չկա, բայց մարտերը շարունակվում են քաղաքի ներսում և դրա հարակից տարածքում: Հարցին, թե արդյոք պատրաստվում են F-16-ներ օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար, Պոդոլյանը պատասխանել է.
«Մենք չենք ցանկանում հարվածել Ռուսաստանի տարածքին: Մենք կօգտագործենք այդ զենքը` ոչնչացնելու ռուսական դիրքերը օկուպացված տարածքներում՝ ներառյալ Դոնբասը և Ղրիմը»։
Նա շեշտել է, որ Կիևն արդեն ունի Storm Shadow հեռահար հրթիռներ, Leopards հակահրթիռային համակարգեր, որոնք Ուկրաինային փոխանցել են Ֆրանսիան և Իտալիան։
«F-16-ը մեզ վերջապես թույլ կտա փակել մեր օդային տարածքը: Պարադոքսն այն է, որ եթե դրանք ունենայինք մեկ տարի առաջ, պատերազմն արդեն ավարտված կլիներ», - ընդծել է Միխայլո Պոդոլյակը:
«ՎԱԳՆԵՐԸ» ՍԿՍԵԼ Է ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ԻՐ ԶԻՆՅԱԼՆԵՐԻՆ ԲԱԽՄՈՒՏԻՑ
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը սկսել է դուրս բերել իր զինյալներին Բախմուտից՝ դիրքերը հանձնելով ռուսական կանոնավոր բանակի ստորաբաժանումներին։ Տելեգրամի էջում տեղադրված տեսանյութով «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտնել է, որ մինչև հունիսի 1-ը հիմնական մասը կտեղակայվի թիկունքային ճամբարներում :
ԵՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ ՌԴ 200 ՄԼՐԴ ԵՎՐՈՅԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՍԱՌԵՑՈՒՄԸ
Եվրամիության երկրները հաստատել են Ռուսաստանի 200 մլրդ եվրոյի ակտիվների սառեցումը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այդ գումարները կամ դրանցից ստացված եկամուտները կարող են ուղղվել Ուկրաինային աջակցելուն, Վիգանդը նշել է, որ այդ հարցը քննարկվում է:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ ԵՄ-ն կարող է սառեցրել ավելի քան 300 մլրդ եվրոյի ռուսական ակտիվներ:
ՆԱՏՕ-Ն ՎՐԱՍՏԱՆԻՑ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ
Հյուսիսատլանտյան դաշինքն ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրները կհետևեն պատժամիջոցներին, որոնք Ռուսաստանի համար դժվարացնում են Ուկրաինայի դեմ պատերազմի ֆինանսավորումն ու կազմակերպումը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելի ամենամյա ֆորումի շրջանակներում տեղի ունեցած քննարկման ժամանակ։ Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն Վրաստանից ակնկալում է միջազգային պատժամիջոցների կիրառում: Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքն աջակցում է Վրաստանին արդեն երկար տարիներ, այդ թվում՝ բարեփոխումների իրականացման հարցում։
Երեկ Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ երկրի տնտեսությունը կփլուզվի և վրաց ժողովուրդը վնասներ կկրի, եթե Թբիլիսին Մոսկվայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառի: