«Ռոսատոմը» սկսում է Երևանում փակված «Նաիրիտ» քիմիական գործարանի, որտեղ նախկինում կաուչուկ էր արտադրվում, թափոնների վերացման նախագծի աշխատանքը: Այդ մասին լրագրողներին հայտնել է պետկորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սարքավորումները և համապատասխան քիմիական թափոնները գտնվում են ծայրահեղ ռիսկային վթարային վիճակում։ Աշխատանքի առաջին գնահատումն արդեն արել ենք, այժմ ձեռնամուխ ենք լինում նախագծի ստեղծմանը»,- ասել է Լիխաչովը։
Խորհրդային տարիներին կաուչուկի արտադրության խոշորագույն «Նաիրիտ» ընկերությունը փակվել է 1989 թ.՝ բնապահպանական շարժման ճնշման ներքո: Մի քանի տարի անց անկախ Հայաստանի կառավարությունը որոշել է այն վերագործարկել, սակայն գործարանն արդեն կորցրել էր իրացման շուկաները: Վերջին տասնամյակների ընթացքում ձեռնարկությունը մի սեփականատիրոջից անցել է մյուսին և կուտակել հսկայական պարտքեր, 2010 թվականից գործարանը պարապուրդի է մատնվել, սկսվել է սնանկության գործընթացը: