Եվրասիական հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը Եվրոպա շրջագայության ժամանակ եվրոպական կառավարություններին խորհուրդ է տվել հրադադարի կոչ անել Ուկրաինայում, որքան հնարավոր է շուտ վերջ տալ ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ նախքան դրա հետագա տարածումը: Ըստ չինացի դիվանագետի՝ Ռուսաստանն էլ պետք է պահպանի իր կազմում ներառված Ուկրաինայի տարածքները, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով արևմտյան պաշտոնյաներին։
Եվրոպական կառավարությունների ներկայացուցիչները Չինաստանի հատուկ ներկայացուցչին պատասխանել են, որ առանց ռուսական զորքերի դուրսբերման իրենք իրավիճակի կարգավորման հեռանկարներ չեն տեսնում։
«Մենք բացատրել ենք, որ հակամարտության սառեցումը չի բխում միջազգային հանրության շահերից, քանի դեռ Ռուսաստանը դուրս չի բերել իր զորքերը»,- թերթին ասել է Լի Հուեյի հետ զրուցած դիվանագետը:
Հրադադարին դեմ է արտահայտվել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ հայտարարելով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինադադարն անընդունելի է, քանի որ դա կհանգեցնի հակամարտության սառեցման, այլ ոչ թե Կիևի պայմաններով արդար խաղաղության։
Մայիսի սկզբին Politico թերթը, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի՝ քննարկումներին ծանոթ պաշտոնյաներին, հայտնել էր, որ Վաշինգտոնը պատրաստվում է ուկրաինական ճգնաժամի հնարավոր սառեցմանը, և այն իրողությանը, որ դա կարող է տասնամյակներ տևել: Աղբյուրներից մեկի համաձայն՝ իրավիճակի զարգացումն այս սցենարով ավելի իրական է դառնում, և ԱՄՆ վարչակազմն ավելի ու ավելի է ուշադրություն դարձնում երկարաժամկետ պլանավորմանը: