Արգամ Դալլաքյան (Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ) - Դեռ 1997 թ. Պուշկինի 2 հասցեում գտնվող շինությունը ներառվել է Կենտրոն համայնքի գույքային հաշվեկշռի ցանկում, համարվել Կենտրոն համայնքի սեփականություն:
Խոսքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված նախկին հրշեջ դեպոյի շենքի մասին է: Եվ չնայած այս փաստին՝ 2008-ին Կառավարության որոշմամբ այն քաղաքաշինական ծրագրի նկատմամբ ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ՝ հիմնավորմամբ, որ տարածքը բարեկարգվի, կանաչապատվի, ստեղծվեն խաղահրապարակներ, հիմնովին նորացվեն ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները:
Մոտ մեկ տարի անց՝ 2009-ին, Կառավարության մեկ այլ որոշմամբ այն օտարվել է «Լոկալ դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Լոկալ դիվելոփըրզ» ընկերության բաժնեմասերի 50 տոկոսը պատկանում է գործարար, այս պահին հետախուզման մեջ գտնվող Սամվել Մայրապետյանին, 50 տոկոսը՝ նրա կնոջը՝ Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանին: Պայմանագիրը ստորագրվել է 2012-ին: Ըստ Դատախազության ուսումնասիրությունների՝ օտարումը, սակայն, տեղի է ունեցել խախտումներով:
Ըստ օրենսդրական կարգավորումների՝ օտարումը պետք է տեղի ունենար բաց մրցակցային շուկայում, բայց այս դեպքում գործ ունենք ուղիղ վաճառքի հետ, երբ կոնկրետ շինությունը վաճառվում է կոնկրետ ընկերությանը:
Ի դեպ՝ այդ վաճառքն էլ իր հերթին տեղի է ունեցել առանց արժեքը որոշելու: 2009-ին Կառավարությունն իր նախարարության նոր մասնաշենքի կառուցման ֆինանսավորման դիմաց է օտարել պատմամշակութային այս հին շենքը։
Կատարված ծախսերի չափը չի որոշվել, նաև շինության արժեքը չի որոշվել, և որոշել, որ դրանք համարժեք են, տրամաբանական չէ, եթե համարժեք էլ լիներ, ապա համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից 15 տոկոս ավելի գումարը, այսինքն՝ այստեղ ակնհայտ է, որ կա խախտում:
Հրշեջների այս շենքը ստանալու դիմաց «Լոկալ դիվելոփըրզ»-ը Մյասնիկյան պողոտայի 1 հասցեում N 8 հրշեջ-փրկարարական ջոկատի համար նոր շենք է կառուցում, որտեղ տվյալ ջոկատը տեղափոխվում է 2013-ին: Մինչ այդ ջոկատը տեղակայված էր հենց նախկին հրշեջ դեպոյի շենքում:
Ըստ օրենսդրական կարգավորումների՝ օտարումից հետո 2 տարվա ընթացքում պետք է սկսվի հիմք հանդիսացող գործունեությունը, բայց դա չի եղել, մինչ օրս տվյալ հասցեում որևէ շինարարական փաստաթուղթ չի ձևավորվել:
Այսինքն՝ եթե օտարման համար հիմք էր հանդիսացել տարածքի բարեկարգումը, շենքի ամրացումը, այն արդյունքում չի իրականացվել:
Իսկ ըստ օրենքի, եթե 7 տարվա ընթացքում բացառիկ գերակա շահ համարված նպատակը չի իրականացվում, այն այլևս չի համարվում բացառիկ՝ գերակա հանրային շահ և պետք է վերադարձվի համայնքին:
Այսինքն՝ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից, օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ, ոչ համարժեք փոխհատուցմամբ և ոչ իրավաչափ եղանակով Երևանին պատկանող գույքը դուրս է բերվել գույքային հաշվեկշռից, օտարվել նախապես որոշված ընկերությանը, ապա հիմքերի առկայության դեպքում որևէ միջոց չի ձեռնարկվել պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այն Երևանին վերադարձնելու համար: Արդյունքում՝ Երևանը կրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Այն, որ պատճառված վնասը առանձնապես խոշոր չափերի է, փաստում է այդ հասցեում գտնվող շինության կադաստրային արժեքը, որը, որպես կանոն, շուկայականից անհամեմատ էժան է լինում:
Խոսքը մոտ 360 մլն դրամ գումարի մասին է, դա կադաստրային արժեքն է միայն, շուկայական արժեքը կպարզվի վարույթի ընթացքում միայն:
Իսկ այն, որ տարածքում այս տարիներին ոչինչ չի արվել, բացի աչքի տեսածից, նաև փաստաթղթերն են վկայում: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության այս տարվա մայիսի 18-ի գրության համաձայն՝ Պուշկինի փողոցի 2 հասցեի վերաբերյալ 2004 թվականից ի վեր քաղաքաշինական փաստաթղթեր չեն տրամադրվել: Այդ տարիներին համայնքն էր լիազորված ուսումնասիրելու՝ արդյոք պահպանվո՞ւմ են պայմանագրային կետերը՝ մանրամասնում է Դալլաքյանը
Արգամ Դալլաքյան - Գործառույթը պատկանել է համայնքին, ունեցել է համապատասխան գործիքակազմ, այս պահին էլ ունի, սակայն օրենսդրական վերջին կարգավորումները այդ գործիքակազմով օժտել են նաև Դատախազությանը:
Այսինքն՝ ժամանակին համայնքը պետք է արձանագրեր խախտումները՝ օտարման եղանակից մինչև պարտավորությունները չկատարելու փաստը, ապա դիմեր Դատախազությանը, որը սակայն համայնքը չի արել: Հաշվի առնելով, որ դեպքը, գործողություններն ու պաշտոնատար անձանց անգործությունը պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված որոշ արարքներին համապատասխանելու նախնական իրավական գնահատականներ, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում կազմվել է հանցանքի մասին հաղորդում, ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ մայիսի 25-ին պաշտոնեական լիազորությունների չարաշահում և պաշտոնեական անփութություն հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց կներկայացնի Վարչական դատարան:
Իսկ Պուշկինի 2 հասցեի պատմամշակութային շենքը այս տարիների ընթացքում ավելի է մաշվել, առաջին հարկն ու շրջակա տարածքը վերածվել են ավտոկայանատեղիի։
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան