Ղազախստանը մտադիր չէ և չի նախատեսում ստեղծել կամ միանալ որևէ միութենական պետության, հայտարարել է հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։
Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը չորեքշաբթի Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստին, որի ժամանակ հայտարարել է ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրման տարբեր մակարդակների առկայության մասին՝ ուշադրություն հրավիրելով կառույցում Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության վրա։
«Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա Ղազախստանը մտադիր չէ և չի նախատեսում ստեղծել կամ միանալ որևէ միութենական պետության»,- գրել է Ժելդիբայը սոցցանցերում և ընդգծել, որ «պետության ղեկավարի հիմնական ուղերձն այն է, որ ԵԱՏՄ-ում ինտեգրումը կարող է և պետք է ընթանա բացառապես տնտեսական հունով»։
«Ինչպես ընդգծել է նախագահը, տնտեսական ինտեգրումն ինքնանպատակ չէ, այլ տնտեսությունների զարգացման և մեր ժողովուրդների բարեկեցության բարելավման միջոցներից մեկը։ Այսինքն՝ ասոցիացիայի շրջանակներում ընդունված ցանկացած որոշում պետք է արդյունք բերի յուրաքանչյուր անհատ մասնակցի և, առաջին հերթին, ԵԱՏՄ բոլոր երկրների քաղաքացիներին»,- հավելել է խոսնակը։
ԵԱՏՄ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։ 2023 թվականին միությունը նախագահում է Ռուսաստանի Դաշնությունը։