Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում կիսել է 2-8-րդ հորիզոնականները: Masters Section խմբում Մարտիրոսյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել 5-րդ տեղը:
Մրցաշարի հաղթող, Հնդկաստանի ներկայացուցիչ Արջուն Էրիգայսիին Մարտիրոսյանը զիջել է ընդամենը կես միավորով: Լրացուցիչ գործակիցներով փոխչեմպիոնի կոչումը նվաճել է ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի գրոսմայստեր Սամուել Սևյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է հնդիկ Դոմարաջու Գուկեշը, որոնք ևս 6-ական միավոր են վաստակել:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Շանթ Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը, վաստակելով 5-ական միավոր, զբաղեցրել են համապատասխանաբար 20-րդ և 28-րդ հորիզոնականները, իսկ Սամվել Տեր-Սահակյանը ելույթն ավարտել է 55-րդ տեղում՝ վաստակած 4 միավորով:
Շարժայում անցկացված մրցաշարի Challengers Section խմբում միջազգային վարպետ Էմին Օհանյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Էմինը դարձել է արծաթե մեդալակիր՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը:
Այս խմբում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարիամ Մկրտչյանը վաստակած 5,5 միավորով զբաղեցրել է 13-րդ տեղը:
Հայկ Մարտիրոսյանն ու Էմին Օհանյանը դրամական պարգևներ կստանան: