ԱՄՆ փոխպետքարտուղարի նախկին պաշտոնակատար և Կովկասում բանակցությունների գծով նախկին ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն «Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսօր առկա է խաղաղության հասնելու իրական հնարավորություն:
«Երկու առաջնորդները պետք է հանդիպեն և լսեն միմյանց, խոսեն միմյանց հետ, որքան հնարավոր է շատ ներգրավվեն երկխոսության մեջ, որպեսզի ավելի լավ հասկանան միմյանց, հասկանան, թե ո՛ր ուղղությամբ են շարժվում, և ի՛նչ մտահոգություններ կան»,- ասել է Ռիքերը:
Նրա պնդմամբ՝ անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում կստեղծի լայն հնարավորություններ՝ տարածաշրջանում առևտրի, էներգետիկ ծրագրերի, ենթակառուցվածքների զարգացման համար:
Նախկին բարձրաստիճան դիվանագետը ողբերգություն է համարել հարավկովկասյան այս երկարամյա հակամարտությունը, որը խլել է բազմաթիվ կյանքեր, պատճառել կորուստներ, տասնամյակներով չեզոքացրել զարգացման հնարավորությունները։ Ըստ Ռիքերի՝ միջազգային հանրությունը, այդ թվում՝ անձամբ պետքարտուղար Բլինքենը, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը մեծ ջանքեր են գործադրում՝ կողմերի միջև երկարատև, կայուն խաղաղության հասնելու համար: Ինքն էլ իր պաշտոնավարման տարիներին հորդորել է կողմերին հետ քաշել զորքերը:
Նախկին դիվանագետը «կառուցողական» է որակել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, միաժամանակ ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը պետք է ներառի տարբեր հայեցակարգեր, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը դրա մի մասն են: Նախկին բանագնացը նաև կարևորել է Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի անվտանգության ու իրավունքների հարցերը, որոնք, ըստ նրա, Բաքուն պետք է քննարկի վերջիններիս հետ:
«Մենք գտնվում ենք մի կետում, որտեղ, իրոք, առկա է խաղաղության և համաձայնագրի հասնելու հնարավորությունը, և հենց դա է հիմնական տարբերությունը նախորդ փուլերից»,- հավելել է Ռիքերը: