Լիլիթ Դանիելյան - Տարիներ առաջ այստեղով նույնիսկ մեքենաներ էին անցնում, բայց բնակիչներից մեկը որոշեց, որ իր մեքենային ծածկ է հարկավոր, իսկ քաղաքապետարանի պաշտոնյան էլ ոչ մի խնդիր չտեսավ, որ հետիոտնին ընդամենը սանտիմետրեր են մնում անցնելու համար: Հետաքրքիր է, որ մարդու իրավունքը չհարգող քաղաքացին այսօր պահանջում է, որ իր ավտոտնակի դիմաց հանկարծ չկայանեն:
Մայրաքաղաքի բակերում տեղադրված, կառուցված ավտոտնակների 90 տոկոսը ապօրինի է ու ենթակա է ապամոնտաժման, դրանք տասնյակ տարիների ընթացքում անօրինական թույլտվությունների հետևանքով են տեղադրվել, ասում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու վստահեցնում՝ քաղաքային իշխանությունը մայրաքաղաքն անօրինական ինքնակամ շինություններից մաքրելու հստակ ծրագիր, ռազմավարություն է մշակել, որի հիմքում քաղաքացիների ազատ տեղաշարժն է, երեխաների՝ բակերում խաղալու իրավունքը:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Երեխաները գարաժների դռների վրա չպետք ա ֆուտբոլ խաղան, պետք ա խաղան ֆուտբոլի դաշտերում, որոնք որ նույն գարաժների փոխարեն պետք ա տեղադրվեն: Եվ, օրինակ՝ էս տարի մենք ունենք 200 բակի հիմնանորոգման աշխատանքներ և դրանցից մոտավորապես 70-80-ում ունենք գարաժների մաքրում, այսինքն՝ գարաժներ, որոնք որ կան, որոնք որ անօրինական են եղել, մաքրվում են և դառնում են բակեր: Սա ա ընդհանուր տրամաբանությունը, մեծամասնությունը իրականում սեփականության վկայականներ չունի էդ գարաժը, մոտավորապես ինչ որ փաստաթուղթ ա, որ իրանք էստեղ ապօրինի գարաժ ունեն:
Ավինյանի խոսքով՝ քանդման գործընթացը ինքնանպատակ չի լինելու, նախ՝ ապամոնտաժվելու են այն ավտոտնակները, որոնք ակնհայտ անհարմարություններ են ստեղծում քաղաքացիների համար, հետագայում նաև՝ մյուս ապօրինի կառույցները:
Տիգրան Ավինյան - Կան շատ տեղեր, որտեղ գարաժները բակի ծայրամասում են, և բակը ունի և՛ կանաչ տարածք, և՛ խաղահրապարակ, և՛ ֆուտբոլի դաշտ:
Քաղաքացիներից շատերը բողոքում են ժամանակին արված ապօրինություններից ու նաև փաստից, որ քանդման գործընթացն այդպես էլ չի մեկնարկում:
Սիլվա Թումանյան (բնակիչ) - Խնդրեմ՝ ավտոտնակը կիպ պատին կպած, որտեղ որ խոնավություն ա առաջանում, ու պատը նստում է: Փչանում են և՛ հեռուստացույցը, և՛ համակարգիչը, որպեսզի ազատվենք էդ խոնավությունից, մենք ուզում ենք, որ ավտոտնակը տեղափոխվի ուրիշ տեղ, մենք պատը ամրացնենք:
Սակայն հարցը նաև հակառակ կողմ ունի: Ավտոտնակները քանդելուց հետո ի՛նչ պետք է անեն այն բնակիչները, որոնց շենքերը կամ բակերը չունեն կայանատեղիներ: Ըստ նոր մշակված ռազմավարության՝ կլինի նաև մասնավորի հետ գործակցություն: Նախատեսվում է հարցին գլոբալ լուծում տալ՝ բակերում կամ դրանց հարակից տարածքներում ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցմամբ:
Տիգրան Ավինյան - Եվ վերևի հատվածում արդեն կառուցել կանաչ տարածքը, խաղահրապարակը, և պիլոտային նման ծրագիր արդեն էս տարի է լինելու: Էն տեղերում, որտեղ հնարավոր ա ստորգետնյա գարաժներ կառուցել, մասնավորի հետ իրականացվելու ա, իսկ էն տեղերում, որտեղ չեն խանգարում, ավտոտնակներն օրինականացվելու են:
Փոխքաղաքապետը նաև նշեց, որ վերջին մեկ տարում կանաչապատման ու բակերի բարեկարգման նպատակով մի շարք հին կրպակներ ու ավտոտնակներ արդեն իսկ ապամոնտաժվել են: