Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։
Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«105 տարի առաջ Վրաստանի ժողովուրդը որոշեց ստեղծել անկախ պետություն և այսօր էլ շարունակում է ժողովրդավարական ու բարգավաճ երկիր կառուցելու իր անսասան ուղին։
Հայաստանը մեծապես կարևորում է Վրաստանի հետ բարիդրացիական ջերմ հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի, ինչպես նաև երկու ժողովուրդների մշակութային և պատմական սերտ կապերի վրա:
Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու կանոնավոր շփումներն առանձնահատուկ դինամիկա են հաղորդում առկա համագործակցության ընդլայնմանն ու հետագա խորացմանը:
Համոզված եմ, որ երկուստեք ջանքերով կնպաստենք մեր երկրների հարաբերությունների հետևողական ամրապնդմանն ու զարգացմանը»: