ՄԻԼԼԵՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՌԱԿՈՂՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է երեկ Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններին: «ԱՄՆ-ը ներկայացված չէր Մոսկվայում կայացած հանդիպմանը, սակայն այս թեման մեզ համար մնում է առաջնահերթություն»,- ասել է Միլլերը։
Մեթյու Միլլեր (ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ) - Պետքարտուղարը մի քանի շաբաթ առաջ Վաշինգտոնում ընդունեց կողմերին և նա կշարունակի ներգրավված մնալ։ Դրանից հետո քննարկումներ անցկացվեցին Բրյուսելում: Մենք աջակցում ենք բանակցությունների շարունակմանը։ Ավելի վաղ ասել ենք՝ հավատացած ենք, որ համաձայնությունը շատ մոտ է: Մենք կարծում ենք, որ կողմերը պետք է միասին աշխատեն՝ չլուծված հարցերի շուրջ համաձայնության հասնելու համար:
ԱՍՏԱՆԱՆ ՉԻ ԱՆԴԱՄԱԿՑԻ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ
Աստանան չի պատրաստվում անդամակցել միութենական պետությանը՝ հայտարարել է Ղազախստանի նախագահի մամուլի խոսնակը: Ռուսլան Ժելդիբայը շեշտել է՝ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի ընթացքում Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հիմնական ուղերձը եղել է այն, որ ԵԱՏՄ-ի շրջանակում ինտեգրացիոն գործընթացները պետք է զարգանան միայն տնտեսական ուղիով։
Ավելի վաղ՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Մոսկվայում հայտարարել էր, որ ԵԱՏՄ շրջանակում գոյություն ունի Ռուսաստանից և Բելառուսից կազմված միութենական պետություն, որի շրջանակում ձևավորել է քաղաքական, իրավական, ռազմական, տնտեսական, դրամավարկային, մշակութային, հումանիտար միասնական տարածք: Նրա խոսքով՝ երկու երկրները նույնիսկ մեկ ընդհանուր միջուկային զենք ունեն: Տոկաևը հավելել է՝ «Կա նաև ինտեգրման մեկ այլ մակարդակ, որում ներկայացված են Ղազախստանը, Ղրղզստանը և Հայաստանը: Հարկավոր է հաշվի առնել այս իրողությունը և հասկանալ՝ ինչպես ենք աշխատելու նման պայմաններում»,- եզրափակել է Ղազախստանի ղեկավարը։
ՍԿՍՎԵԼ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
«Ռոսատոմը» սկսում է Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանի վտանգավոր թափոնների վնասազերծման նախագծի աշխատանքները՝ հայտարարել է ռուսական պետական կորպորացիայի ղեկավարը։
«Այժմ սարքավորումները և համապատասխան քիմիական թափոնները ծայրահեղ ռիսկային վիճակում են: Արդեն իրականացրել ենք նախնական գնահատում: Ես հայ գործընկերների հետ ծանոթացել եմ իրավիճակին»,- ասել է Ալեքսեյ Լիխաչովը։
ԷՐԴՈՂԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՔԸԼԸՉԴԱՐՕՂԼՈՒԻ՝ ՀԵՌՈՒՍՏԱԲԱՆԱՎԵՃԻ ԱՌԱՋԱՐԿԸ
Ռեջեփ Էրդողանը մերժել է երկրի նախագահի ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի՝ հեռուստաբանավեճ անցկացնելու առաջարկը։ «Մենք քննարկելու ոչինչ չունենք», - ասել է Թուրքիայի նախագահը:
Քըլըչդարօղլուն ավելի վաղ Էրդողանին հրավիրել էր բանավեճի, հայտարարել՝ պատրաստվում է ապացուցել, որ գործող նախագահը գործակցում է ահաբեկիչների հետ: Էրդողանը ծաղրել է Քըլըչդարօղլուի խոսքը. «Ի՞նչ է խոսելու նա ինձ հետ: Քըլըչդարօղլուն ո՛չ ձեռքբերումներ ունի, ո՛չ տեսլական»,- ասել է գործող նախագահը:
Թուրքիայում նախագահի ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 28-ին: Լրատվամիջոցները հայտնել են, որ դրանց արդյունքները պարզ կլինեն քվեարկության ավարտից արդեն մեկ ժամ անց: