Արցախի կրթօջախներում այսօր հնչել է վերջին զանգը: Ավագ դպրոցում այս սերունդը հաղթահարել է համաճարակի, պատերազմի դժվարություններն ու դպրոցն ավարտում է շրջափակման պայմաններում, երբ հանդիսավոր միջոցառումն ընդհատվում է էլեկտրաէներգիայի վթարային անջատման պատճառով:
Աիդա Գրիգորյան (Ստեփանակերտի համար 11 ավագ դպրոցի տնօրեն) - Ես համոզված եմ, որ մեր այսօրվա շրջանավարտները արժանապատիվ են անցնելու իրենց բաժին ուղին, և մենք լսելու ենք իրենց մասին միայն ու միայն լավը: Իրենք դառնալու են արժանի քաղաքացի, համոզված եմ՝ պիտանի մարդ Արցախի համար:
Ստեփանակերտի համար 11 ավագ դպրոցում այս տարի 151 շրջանավարտ կա:
Իննա Հակոբյան (շրջանավարտ) - Բարձր տրամադրությամբ եմ ավարտում դպրոցը՝ չնայած նրան, որ կարոտելու եմ հարազատ կրթօջախս, բայց նաև ուրախ եմ, որովհետև մուտք եմ գործում նոր փուլ կյանքի, արդեն նոր հաջողություններ են ինձ սպասում այնտեղ:
Ծնողների ցանկությունն է, որ շրջանավարտներն ապրեն խաղաղ երկնքի տակ: Դժվարություններն անցողիկ են, եթե ունես կամք ու վճռականություն, ասում է Նանեն: Մայրն էլ լիահույս է՝ ինչ մասնագետ էլ դառնա, պետք է ծառայի իր երկրին:
Նանե Սարգսյան (շրջանավարտ) - Մենք արդեն սովոր ենք այսպիսի դժվարությունների և պատրաստ ենք հաղթահարելու այս ամենը մեծ ուժով՝ պատրաստ լինելով շարունակել մեր կյանքը այստեղ:
Զարինե Սառաջյան (շրջանավարտի մայր) - Արցախը մեր սրբազան հայրենիքն է, պետք է մեր բոլոր ջանքերն ուղղենք Արցախն ապրեցնելուն, Արցախը հայկական պահելուն, որովհետև անհայրենիք մարդը որբ է, մենք առանց Արցախի կիսատ ենք:
Ադրբեջանական շրջափակման պատճառով արցախցի դիմորդները չեն կարող մասնակցել Հայաստանի բուհերի ընդունելության քննություններին: Ուսուցիչները հույս ունեն, որ իրավիճակին համարժեք ձևաչափ կմշակվի:
Լորետտա Աբրահամյան (պատմության ուսուցիչ) - Կարծում եմ, որ գերատեսչությունը համապատասխան քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի օր առաջ այս խնդրին լուծում տա:
Արցախի որոշ դպրոցներում էլ վերջին զանգը կհնչի մայիսի 27-ին: