ՆԱՏՕ-ի անդամ երկրները պատրաստ են ճանաչելու Ուկրաինայի հատուկ կարգավիճակը՝ ի դեմս ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի՝ անհրաժեշտ քաղաքական աջակցություն ցուցաբերելու համար։ Դրա ստեղծման պլանները կարող են քննարկվել Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որը նախատեսված է հաջորդ շաբաթ՝ Օսլոյում, գրում է Euractiv պորտալը:
Խորհուրդը Կիևին հնարավորություն կտա ՆԱՏՕ-ի հանդիպումներին մասնակցել «լիիրավ մասնակցի», այլ ոչ թե՝ «հրավիրված երկրի» կարգավիճակով: Ուկրաինացիներն իրենք էլ կկարողանան հանդիպումներ կազմակերպել, ինչը կհեշտացնի տեղեկատվության փոխանակումը, այդ թվում՝ մարտի դաշտից։ Բացի այդ, այս ձևաչափը համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծում, այդ թվում՝ հետախուզության, ռազմական արդյունաբերության, համատեղ զորավարժությունների, Ուկրաինայի ու անդամ երկրների զինված ուժերի միջև ավելի մեծ փոխգործակցության ոլորտներում։
Ինչպես նշում է պորտալը, տարբեր պաշտոնյաներ խոստովանել են, որ ներկա փուլում Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ անհնար է։ Դա հասկանում են նաև Կիևում, սակայն դաշինքից սպասում են «համոզիչ ազդանշանի»։