Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հետ մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստին: Հայաստանի փոխվարչապետը ելույթում նշել է՝ ԵԱՏՄ երկրների ինտեգրման հիմնական իմաստը մարդկային կապիտալի զարգացումն է՝ որպես Եվրասիայի հիմնական ներուժ և ապագա։
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Մեր միության տարածքը բնական ռեսուրսների հագեցվածությամբ ամենահարուստներից մեկն է աշխարհում, բայց ամենաարժեքավորը, անկասկած, իհարկե, մարդիկ են, և հենց նրանց մոտիվացիայից է կախված նպատակի իրագործումն ու կատարվող աշխատանքի արդյունավետությունը: Չնայած միության հսկայական գիտական ներուժին և անդամ երկրների քաղաքացիների կրթության բարձր մակարդակին՝ ցավոք, դեռևս չի կարելի պնդել, որ համաշխարհային տեխնոլոգիական և տեխնիկական գործընթացում առաջատարը ԵԱՏՄ երկրներն են։
ԱՅՍՕՐ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ արմատապես փոփոխվող աշխարհը և զարգացման բարձր տեմպերը պահանջում են նորարարական գաղափարների շարունակական հոսք և ժամանակակից ստեղծագործ մոտեցում՝ գլոբալ խնդիրներն արդյունավետ լուծելու համար: Արժեքավոր գաղափարները պահանջված են ամբողջ աշխարհում և արտահոսում են բարենպաստ միջավայր՝ իր ելույթում ընդգծել է Մհեր Գրիգորյանը և ավելացրել՝ անհրաժեշտ է նման միջավայր ստեղծել Եվրասիական միությունում։
Մհեր Գրիգորյան - Փորձագետների գնահատմամբ՝ զարգացած տնտեսություն ունեցող երկրներում ազգային եկամտի աճի 60%-ը պայմանավորված է ժամանակակից գիտելիքների կիրառմամբ և կրթության որակի մակարդակով: Մարդկային ռեսուրսների իրացման հարցերը արդիական են ամենուր: Այսօր պրոֆեսիոնալիզմը պետք է լինի առաջատար, իսկ կրթության և գիտության ոլորտում ներդրումներն այժմ համարվում են ամենաարդարացվածը։ Դա վերաբերում է և՛ պետական, և՛ մասնավոր ներդրումներին:
ԵԱՏՄ երկրների միջև գործակցությունը պետք է կառուցվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր երկիր ունի իր հարկային ռեժիմները, էներգիայի ծախսերը, ենթակառուցվածքային հնարավորությունները, բյուջեի եկամուտների աղբյուրները և բիզնեսի աջակցության միջոցառումները՝ նշել է Հայաստանի փոխվարչապետը։
Մհեր Գրիգորյան - Այս մոտեցմամբ՝ մարդկային կապիտալի զարգացման մեր ռազմավարությունները կլինեն ավելի արդյունավետ և որակյալ, ինչը կմոտեցնի մեր ընդհանուր ռազմավարական նպատակին, այն է՝ առողջություն, կրթություն, ապահովվածություն և, ինչու ոչ, երջանիկ և անվտանգ կյանք մեր քաղաքացիների համար:
ՄՇՏԱՊԵՍ ՊԻՏԻ ԹԱՐՄԱՑՎԵՆ ԵԱՏՄ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները պետք է հագեցնեն օրակարգը և մշտապես թարմացնեն ԵԱՏՄ ռազմավարական նպատակները։ Այս առաջարկը Մոսկվայում ընթացող «ԵԱՏՄ առաջնահերթություններ 2030+» քննարկմանը հնչեցրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ պետք է ձգտել միությունում ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժին։
Մհեր Գրիգորյան - Մենք այս ուղղությամբ ենք գնում և ակնհայտ արդյունքներ ունենք, ինչը շատ հաճելի է։ Բայց, միևնույն ժամանակ, մեր գործակցության և համատեղ աշխատանքի շրջանակում պետք է մշտապես ապահովել, որ Միության կարգավորումները բացասական ազդեցություն չունենան անդամ երկրներում արտադրվող ապրանքների և ծառայությունների մրցունակության վրա։
Հայաստանի փոխվարչապետի համոզմամբ՝ եթե կանոնակարգերը միայն պաշտպանիչ բնույթ ունենան, ինչ-որ պահի դա կարող է ազդել ապրանքների և ծառայությունների որակի վրա։ Իսկ դա, իր հերթին, կազդի ԵԱՏՄ-ի տեխնոլոգիական կախվածության վրա երրորդ երկրներից ու միություններից։ Մեր օրակարգում պետք է հայտնվի աշխատատեղերի որակի հարցը: Մենք պետք է մշտապես հսկենք մեր արտադրության մրցունակության իրավիճակը,- շեշտել է փոխվարչապետը:
Մհեր Գրիգորյան - Freelancing-ի աշխարհը նոր երևույթ է, որը մենք չենք կարող անտեսել: Մասնագետների, հմտությունների, կրթության պահանջարկն այսօր թույլ է տալիս օգտագործել ձեր գիտելիքները բջջայինով: Եվ եթե միության ներսում չկարողանանք բավարարել նման անհրաժեշտությունը, այս ամբողջ ներուժը կարող է շատ արագ արտահոսել այլ միջավայր, ինչն անընդունելի է մեր երկրների մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից:
ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ԿԱՆԱՉ ԵՎՐԱՍԻԱ» ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆԸ
Մհեր Գրիգորյաննը մասնակցել է նաև «Կանաչ Եվրասիա» միջազգային մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությանը, մրցանակներ հանձնել նրանց ու միջոցառման շրջանակում խոսել կլիմայական գլոբալ փոփոխության առաջացրած մարտահրավերների և դրանց հաղթահարման տեսլականի մասին: