Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին:
«Իր ելույթում Ադրբեջանի նախագահն օգտագործել է մի արտահայտություն, որը վերջին տարիներին օգտագործում են իրենց տարածքային նկրտումներն արդարացնելու համար։ Հիշեցնեմ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հիշատակվում է միայն մեկ միջանցքի՝ Լաչինի միջանցքի մասին, որը պետք է մնար ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ, սակայն, ցավոք, ապօրինաբար փակվել է Ադրբեջանի կողմից:
Մյուս կողմից, ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ ապաշրջափակելու տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական երթուղիները և հաղորդակցությունները, որոնք անցնում են Հայաստանի Հանրապետության տարածքով: Մենք դա անվանում ենք Հայկական խաչմերուկ, և մենք պատրաստ ենք բացել տարածաշրջանային հաղորդակցության ուղիները այն երկրների վերահսկողությամբ, որոնցով դրանք անցնում են»,- ասել է Փաշինյանը։