ՌԴ-Ն ԱՄԵՆ ԿԵՐՊ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀՀ-ԱԴՐԲԵՋԱՆ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ. ԳԱԼՈՒԶԻՆ
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա՝ РИА Новости գործակալության հետ զրույցում այսօր նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական և հայկական կողմերն իրենք պետք է որոշեն՝ որն է բխում իրենց հիմնարար շահերից և ինչպես են իրենք մտադիր ապահովել կայուն խաղաղությունը։ Պատասխանելով կողմերի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին հարցին՝ Գալուզինը հատարարել է՝ «հաշվի առնելով այս հարցերի ծայրահեղ զգայունությունը՝ մենք չենք կարող մեկնաբանել բանակցությունների ընթացքը, որպեսզի չխոչընդոտենք առաջընթացին»։ Դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ Ռուսաստանի փոխարտգործնախարարի խոսքով՝ պաշտոնական Մոսկվան աջակցում է կողմերի միջև շփման կետեր գտնելուն օժանդակելու, փոխադարձաբար ընդունելի ձևակերպումներ և փոխզիջումներ գտնելու հարցում։
ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ԱՄԵՆ ԿԵՐՊ ՓՈՐՁՈՒՄ Է ՄԻՋԱՄՏԵԼ ԼՂ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ. ՇՈՅԳՈՒ
Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և վարկաբեկել ռուսական խաղաղապահ առաքելությունը՝ Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում նման կարծիք է հայտնել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Այժմ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովմանն աջակցում է ռուսական խաղաղապահ զորախումբը: Այնուամենայնիվ, Արևմուտքը փորձում է ամեն կերպ միջամտել իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը»,- ասել է Շոյգուն։ Նրա խոսքով՝ Արևմուտքի համար գլխավորը «Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է, այլ ոչ թե երկարաժամկետ հեռանկարում ապահովել տարածաշրջանի անվտանգությունն ու բարգավաճումը»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ Մոսկվան անհրաժեշտ է համարում շարունակել աշխատանքը ՀԱՊԿ առաքելություն տարածաշրջան ուղարկելու ուղղությամբ:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԱԿԱՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՍԿՍԵԼ Է ՄԻ ՔԱՆԻ ՕՐ ԱՌԱՋ. ՊՈԴՈԼՅԱԿ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը սկսվել է մի քանի օր առաջ։ «Հակահարձակումը շարունակվում արդեն մի քանի օր, պատերազմը սահմանի երկայնքով ձգվել է 1,5 հազար կիլոմետր, սակայն առանձին գործողություններ արդեն սկսվել են»,- ասել է նա:
Հատկանշական է, որ օրեր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե Ուկրաինային ավելի շատ ժամանակ է պետք հակահարձակմանը պատրաստվելու համար։ 2 օր առաջ էլ Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը նշել էր, որ հակահարձակումը կսկսվի մոտ ապագայում։
ՀԵՌԱԽՈՍՈՎ ԶՐՈՒՑԵԼ ԵՆ ՌԴ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման հարցը: Անդրադարձ է կատարվել Մոսկվայում Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպման արդյունքներին: Հանդիպումից հետո աշխատանքներ են սկսվել Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի նախապատրաստման ուղղությամբ։
ԻՐԱՆԻ ՊՆ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐ ԲԱԼԻՍՏԻԿ ՀՐԹԻՌ
Իրանի պաշտպանության նախարարությունն այսօր ներկայացրել է «Խայբար» նոր բալիստիկ հրթիռը` 2 հազար կմ հեռահարությամբ։ Մասնագետները հայտնել են, որ այն կարող է կրել 1500 կգ-ոց մարտագլխիկ: Իրանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ հրթիռը կարող է խուսափել ռադարներից և շրջանցել հակառակորդի հակաօդային պաշտպանությունը: Հրթիռի արձակումը տեղի է ունեցել Խորամշահր քաղաքի ազատագրման օրվա 41-ամյակին նվիրված արարողության ժամանակ: